Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/195

Այս էջը հաստատված է

N 206

ՄՈԿՍԻ ԳԱՎԱՌԱՊեՏ Գ. ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԳՐՈԻԹՅՈԻՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ՏԵՂԻ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՊԱԿԱՍԻ ՄԱՍԻՆ

N 2560

5 հուլիս 1915 թ.

Վսեմաշուք պ. Արամ Մանուկեան

Նահանգապետ Վան նահանգին

՛Ի Վան

Արդէն ընկեր Սարգսի հետ եղած նամակում երկար գրած և բացատրած եմ տեղիս ներկայ նեղ կացութեան մասին և որովհետև խնդիրներ քանի երթան կը կնճռոտին և նեղութիւնք կը շատանան, ատոր համար ստիպուեցի գրել այս երկրորդ նամակ ևս:

Հիւանդութիւնք քանի երթայ կը ծաւալի և կը վարակուին շատերը ու բոլոր ժողովուրդ: Գաղթականներ քանի երթայ կը շատանան, օր. ասորիներ և բարուարցիներ ևս տեղս եկած են, որով հացի ու ուտելիքի նեղութիւն ալ խիստ շատացեր է: Զինւորական ոյժը արդէն նախապէս պ. Դրօն մաս մը քաշած տարած էր և մնացած մասից ալ այժմ ևս մի յիսնեակ պահանջեր է, որը պիտի երթայ, այսպիսով բոլորը կը պատրաստուին կամաց կամաց քաշուել, որով և մենք կը մնամք բոլորովին անոյժ, և պիտի ստիպւինք նրանց հետ քաշուել և մենք ալ, եթէ նախապէս մի կարգադրութիւն չմտածէք և տեղս ոյժ չը խրկէք` տեղս կան մի քանի հատ զէնքեր, տաճ. մաւիզարներ174 և յունաներ175, նրանց ալ պատրոն չունիմք: Ուստի կը խնդրուի, որ շնորհ ընէք Ձեր մասնաւոր ուշադրութեան դարձնել տեղիս բժշկութիւն և դեղերի, ուտելիքի և ոյժի մասին մտածել և բարեկամ մի կարգադրութիւն անել: Նոյնպէս տեղիս ժողովրդեան և գաղթականների համար նպաստ ու հագուստեղէններ շնորհ ընել խրկելու:

Եղած ցանքերի համար (թէ քրդու և թէ հայու) ինչ անելու ենք, տասանորդ176 պիտի վերցուի, թէ ինչ:

Ոստիկանների և պաշտօնեաների ամսականների համար ալ կը խնդրուի, որ մտածէք, և նրանց մասին ալ ի՞նչ անելու ենք` կը խնդրուի: Այս կէտերի համար Ձեր կողմից պէտք եղած հրահանգներ գրէք մեզ:

Յարգանօք`
Գրիգոր Մոկացի
Մակագրություն. Հիւանդութիւն, գաղթական, սով, զէնքի պահանջ, տասանորդ պէ՞տք է վերցնել թէ՝ ոչ, ամսավճար կուզեն:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ 56-57, բնագիր, ձեռագիր: