Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/20

Այս էջը հաստատված է

պահանջում, փոխադրութեան միջոցներ աոաջարկելով, միևնոյն ժամանակ Ռայոնական Ժողովը որոշում էր` մինչև սահման հասցրած զէնքերը գործադրել արշաւախմբերի համար:

Ռոստոմ (ուղղում անելով).- Ոչ թէ Ռայոնական Ժողովը, այլ Բիւրոն էր. այդ այն ժամանակն էր, երբ յոյսեր կային, թէ Սուլթանի օրերը հաշուըւած են. մենք ուզեցինք պատրաստ լինել անակնկալների համար, այս նպատակով էլ՝ զէնք հաւաքեցին սահմանագլխի վրայ: Այդ միջոցին էլ, որ եկաւ Արամը, թէ՝ «դիւրութիւններ ենք գտել զէնք փոխադրելու»:

Արամ.-Փաստը բնորոշ է, ձեր այդ պատրաստութիւնները տեսնուել են կանխակալ մտքով՝ նոր արշաւախմբեր կազմակերպելու: Ես չեմ հաւատում, որ կոտորածների ժամանակ, դրսի ընկերները կարողանան օգնութեան հասնել. բոլոր կէտերում ճանապարհները կը փակուեն և նրանք այլևս անկարող կը լինեն ներս մտնել: Համաձայն եմ Մուրատի հետ, որ մեր բոլոր զինուորական ղեկավարները, նոյնիսկ տասնապետները հմուտ լինեն իրենց գործին, թո՛ղ արտասահմանի մարմինները տան մեզ այդպիսի մարդիկ: Սահմանագլխի ցոյցերը գտնում եմ անօգուտ, քանի որ մենք երբեք հնաւորութիւն չունենք երկար մնալու կռուի այդօրինակ վայրերում: Վերջացնում եմ խօսքս,- քանի դեռ չեն փոխուել Երկրի ներկայ պայմանները - ամէն մի արշաւախումբ ես համարում եմ վնասակար:
Ահա իմ բանաձևը սրա համար.
«Հիմք ունենալով, որ լուրջ գործողութիւնների, ձեռնարկների տևողութեան համար ներսի շարժումները, ուրեմն դրա կից և ռազմական ուժերի կենտրոնացումը ներսում անհամեմատ աւելի նպատակայարմար և ցանկալի են,

Նկատի ունենալով որ Երկրի ներսը եղած շարժումների ժամանակ, սահմաններում զինուորական վիճակ ստեղծուելով, անցուդարձը դժուարանում է,

Նկատելով որ արտասահմանից գնացող խմբերը ֆիզիքական հնարաւորութիւն չեն ունենում ներս գնալու, կամ սահմաններում օգտակար գործ կատարելու:

Նկատելով, որ արտասահմանում արշաւախմբերի պատրաստութիւնը ահագին աղմուկ է ձգում և, ոգևորութիւն առաջ բերելով, անխոհեմ քայլեր անել տալիս,

Նկատելով, որ այդ շարժումները անարդիւնք լինելով հանդերձ, վնասում են Դաշնակցութեան դրամական և ռազմական բիւտճէին, և շատ ազնիւ տարրերի համար գերեզման պատրաստում սահմաններում.

Նկատելով, որ դրանով փակել ենք տալիս մեր կարևոր գծերը, և այդպիսով մեր ապագայ գործը զրկում իւր կենդանութեան մի գործօնից,

Այս և այլ բազմաթիւ նկատումներով,- մերժել առայժմ արշաւախմբերի ձեռնարկները, քանի որ Երկրում և մանաւանդ արտասահմանում ներկայի վիճակը չէ փոխուել: