Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/203

Այս էջը հաստատված է

Դժբախտաբար չկարողացանք մի քանի գիւղերի նկատմամբ լրացնել մեր բերած տախտակը, սակայն կարծում ենք, եղածն էլ բաւական է համոզելու. որ Արճէշի գաւառի շուրջ 9000 շունչ հայութիւնը տւել է 2251 սպանւած, 605 գերի և 58 զինւոր: Եթէ զինւորներին և գերիներին ևս հաշւենք իրենց ընտանիքների և հայութեան համար մեռած - որ անկասկած է - այն ժամանակ կստանանք, որ Արճէշի գաւառի հայերի տւած մարդկային կորուստի, զոհերի թիւը 3000-ին մօտենում է: Ոչ պակաս սոսկալի է նաև գաւառի հայութեան ստացւածքի, գոյքային կորստի պատկերը: Շատ գիւղեր ու շէնքեր աւերւած են այնպէս, որ նրանց վերաշինելը քայքայւած ժողովրդի ուժերից վեր է: Հայութիւնը կորցրել է - կարելի է առանց չափազանցելու ասել - ամեն ինչ, մանաւանդ ինչ որ արժէքաւոր է, պիտանի: Շատ-շատերը հազիւ հազ միայն իրենց գլուխն են ազատել, առանց մի որևէ բան իրենց հետ վերցնել կարողանալու։ Աւերւած է նրանց ամբողջ տնտեսութիւնը: Աշխատող ձեռները, աշխատող տղամարդիկ շատ քիչ են: Ամբողջ գաւառում մնացել են ընդամենը - կլոր թւով - 250 աշխատունակ տղամարդ: Լծկանները, կթանն ու ոչխարը նոյնպէս շատ քիչ են: Մեր ձեռքի տակ եղած թւերը - թէև դարձեալ ո՛չ կատարեալ - ցոյց են տալիս, որ գաւառի հայութիւնը կոտորածից առաջ ունեցել է մօտաւորապէս 2858 լծկան, 2262 կթան և 8734 ոչխար: Իսկ այսօր այդ բոլորից միայն մի չնչին բան է մնում - 155 լծկան, 270 կթան և մօտ 100 ոչխար:

Երանի՜ գոնէ աղէտը դրանով վերջանար և իր կործանիչ հետևանքներով չը շարունակէր սպառել առանց այն էլ հիւծւած ժողովրդին: Բայց նա տակաւին շարունակում է իր վնասակար գոյութիւնը և նորանոր դժբախտութիւններով տառապալից դարձնում թշւառների կեանքը: Անօթութիւնը, հիւանդութիւնները, մերկութիւնը, կարիքը, որոնք անմիջական ծնունդն են այդ աղէտի, ձեռք-ձեռքի տւած, գործում են անդադար, բազմաթիւ մարդկային զոհեր խլելով հարւածւած հայ ընտանիներից:

Ստեղծւած են այնպիսի պայմաններ, որ ժոդովրդի մեծամասնութեան համար անտանելի են: Նա անկարող է մաքառել այդ զօրաւոր թշնամիների դէմ, որոնք նրա համար աւելի զօրեղ են, քան թիւրքն ու քիւրդը: Թիւրքից ազատածը, քիւրդից ճողոպրածը սրա՛նց հարւածներից է ընկնում, խորտակաւում:

Կարևոր եմ համարում արգոյ վարչութիւնդ ուշադրութիւնը հրաւիրել հետևեալ մի քանի խոշոր հանգամանքների վրայ, որոնց վերացումով միայն հնարաւոր է փրկել տառապանքի ծովում խեղդւող ժողովրդին:

1. Անօթութիւն.
Ճիշտ է, թէև Արճէշի գաւառը, ներկայումս ունեցած ցորենի պաշարով, ընդհանուր առմամբ այնքան էլ աննախանձելի վիճակի մէջ չէ, ինչպէս են գուցէ Վանի նահանգի միւս գաւառակներից շատերը, բայց այստեղ էլ ժողովրդի մեծամասնութիւնը քաղցած է, օրւայ հացի կարօտ: Արճէշում