տանջւած բնակչութիւնը քարշ է տալիս իր խղճուկ գոյութիւնը: Հարկաւոր է վերացնել, ոչընչացնել այդ պայմանները՝ ժողովրդին թևատարած իշխող հիւանդութիւնների ու մահւան ճիրաններից փրկելու համար: Եւ դրանց վերացումը, ըստ իս, բնաւ անհնարին չէ:
- Այդ պայմաններն են.-
ա. Անօթութիւն. Արդէն ասացի, որ Արճէշի գաւառի հայութեան խոշոր մասը անօթի է, քաղցած մէկ՝ ցորեն չունենալու պատճառով, մէկ էլ՝ ջրաղացներից օգտւել չկարողանալու և թխելու այլ յարմարութիւնները չունենալու պատճառով: Իսկ անօթութիւնը բոլոր հիւանդութիւնների ծնող ու սնուցանող մայրն է: Ժողովրդին քաղցի և հիւանդութիւնների ճանկերից ազատելու համար անհրաժեշտ է.- 1. Գրաւել մասնաւոր անհատների ամբարներում դիզւած ահագին ցորենները, որ թալանի արդիւնք են, և հասարակական սեպհականութիւն դարձնել, 2. Միջնորդել զինւորական իշխանութեան առաջ՝ ջրաղացներից մի քանիսն ազատելու և ժողովրդին թողնելու համար, 3. Բանալ 2 կամ 3 փուռ՝ հասարակութեան համար հաց թխելու համար, ունևորներին հացը որոշւած սակագնով վաճառելու, իսկ չունևորներին՝ ձրի տալու պայմանով:
բ. Բնակչութեան կուտակումն, կոտորածից յետոյ գաւառի ամբողջ բնակչութիւնը թողնում է իր գիւղը, իր տուն ու տեղը և Արճէշում ու նրան շատ մօտ գիւղերում ապաւինում: Այսօր գաւառի 42 գիւղերից միմիայն 5-ում բնակչութիւն կայ, իսկ մնացած 37-ը բոլորովին դատարկ են և անմարդաբնակ: Ահագին ժողովուրդ է համախմբւած մասնաւորապէս Արճէշ քաղաքում, մի տան մէջ, իրար վրայ թափւած, ապրում են յաճախ 3-4-5 ընտանիքներ: Այդ կուտակումը անհրաժեշտ հետևանք է նախ՝ գիւղերի աւերման և երկրորդ՝ վախի զգացման, վախ թիւրքից և քրդից, վախ ռուս զինւորների սանձարձակութիւններից:
Հիւանդութիւնների առաջն առնելու համար հարկաւոր է վերացնել այդ կուտակումը, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ՝ ապահովել ժողովրդի վերադարձը դէպի գիւղ՝ քրդերի յարձակումներից և երկրորդէ զինւորական բարձր իշխանութեան ուշադրութիւնը հրաւիրել զինւորների կարգապահութեան վրայ:
Քրդերը գտնւում են Արճէշից դէպի հիւսիս արևմուտք, 2-3 ժամ հեռաւորութեան վրայ, Զիլանի Ձոր կոչւած տեղում: Տեղացիների ասելով, նրանց թիւը հասնում է մի քանի հազարի, որից մօտ 7-800-ը լաւ զինւած տղամարդիկ: Արճէշից դէպի հիւսիս գտնւած ամբողջ շրջանը, արևմուտքից արևելք, իր մէջ պարունակւած բազմաթիւ հայկական գիւղերով, այդ քրդերի իշխանութեան և երկիւղի ներքոյ են գտնւում: Նրանք այնքան ուժեղ են, որ 2 անգամ կարողացել են յետ դարձնել իրենց հետապնդող ռուսական ջոկատները: Դեռ այդ բաւական չէ, Յունիսի 20-ի մոտերքը նրանք յարձակւում են ռուս զօրքի մի փոքրիկ աբօզի վրայ և կողոպտում, իրենց հետ տանելով նաև աբոզի ձիերը: Բնական է ուրեմն, որ այդ