Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/208

Այս էջը հաստատված է

սայլեր, որովհետև, ինչպէս արդէն յիշեցի, դրանց կարիքն այնտեղ չափազանց մեծ է: Իսկ որ ամենից կարևորն է, պիտի ուղարկել նաև 15-20 զինւած մարդիկ, որոնց պաշտպանութեան ներքոյ կարողանային քրդերի բնակալած սահմաններին մօտ գտնւած գիւղացիները գնալ և իրենց ցանքերը ժողովել: Հակառակ դէպքում, նրանց արտերը պիտի մնան անքաղ և ձմեռը պիտի լինի նրանց համար սոսկալի:

Ինչ վերաբերում է այգիների բերքին, պէտք է ասել, որ այս տարի խաղողն ևս չափազանց առատ է - թէպէտ ընդհակառակը, միւս պտուղները շատ սակաւ են: Սակայն հարց է, խաղողը կհասնի՞, թե ոչ, որովհետև բոլոր այգիներն էլ ջրւում են Հէյդար-Բէյ գետի ջրով, իսկ - ինչպէս արդէն ասացի- այդ գետի ջուրն այնքան նւազ է, որ ջրել նրանով այգիները չի կարելի: Ջուրը հնարաւոր է աւելացնել, եթէ բաւականաչափ զինւած մարդիկ գնան կապելու: Հակառակ դէպքում, բոլոր այգիները պիտի չորանան, հազարաւոր ոսկիների վնաս պատճառելով ժողովրդին: Ուրեմն, զինւած մարդկանց առաքումը անհրաժեշտ է և՛ այդ տեսակէտից:

Գալով գաւառի վարչական գործերին, ցաւ ի սիրտ պիտի խոստովանեմ, որ դրութիւնը մխիթարական չէ: Ճիշտ է, թէև գաւառական վարչութիւնը, ըստ երևոյթին ունի այն բոլոր ենթահիմնարկութիւնները - թէև երբեմն ոչ կատարեալ կազմով - ոստիկանութիւն, դատարան, տնտեսական խորհուրդ, քաղաքապետութիւն և զապթիա-մէմարիութիւն183, որոնք անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն են կազմում, տաճկական գաւառապետութիւն՝ ասւած հիմնարկութեանը, բայց միայն ըստ երևոյթին: Ներքին պատկերը աննախանձելի է, որովհետև․-

1. Նրանցից և ոչ մէկի համար որոշ չէ իր պարտաւորութիւնների և իրաւասութեան սահմանը: Ոչ ոք չգիտէ, ինչ պէտք է անել և ինչ՝ ոչ: Նրանք չունեն որևէ հրահանգ ո՛չ պաշտօնի հրաւիրող գաւառապետի կողմից, ո՛չ էլ շրջանային վարչութեան: Բնազդն ու րոպէական տրամադրութիւնն են նրանց ղեկավարը:

2. Հաշվապահութիւնը և ծախսարարութիւնը տարւած են այսպէս, որ ամեն տեսակ զեղծումներ ու գաղումներ184 հնարաւոր են: Օրինակ, ցորեն է ստացւում, բայց մատեաններում մուտք չի գրւում, ցորեն են բաժանում, սակայն առանց բաշխւած ցորենի քանակի ճշտութիւնը վաւերացնելու, ծախսերը չունեն արդարացուցիչ փաստաթղթեր, ստացւած տուգանքների և այլ դրամների համար ստացական չի տրւում և այլն:

3. Գործավարութիւն ասած բանը գոյութիւն չունի, ո՛չ արձանագրութիւնների մատեան ունեն, ոչ ելեալ ու մտեալ թղթերի, ոչ շրջաբերական տօմար:

Արճէշի գաւառապետութեան մասին ունեցածս այդօրինակ դիտողութիւնները (16 կէտից բաղկացած) յունիս 24 գրութեամբ յայտնել եմ պ. գաւառապետին: Եվ որովհետև այդ գրութեանս վաւերացւած պատճէնը