Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/21

Այս էջը հաստատված է

Վռամեան. - Այդ բանաձևը պարսաւանք է անցեալ Ընդհանուր Ժողովի դէմ, քանի որ ակնարկած ու քննադատած արշաւախմբերը միայն անոր որոշումովը տեղի ունեցան և իբրև սիստեմ չէ գործադրուած մեր կազմակերպական գործունէութեան մէջ. բացառութեամբը Խանասորի արշաւանքի:

Արամ խնդրում է Վռամեանի այդ նկատողութիւնը մտցնել արձանագրութեան մէջ:
Բանաձևեր են առաջարկում Մալումեան, Վռամեան, Գագիկ, Զաւարեան: 22 ձայնով անցնում է Զաւարեանի բանաձևը, որ հետևեայն է.
«Ապագայում Թրքահայաստանում մեր մղելիք կռուի մէջ, այլևայլ յեղափոխական ձեռնարկների հետ միասին, արշաւախմբերն ևս օգտակար կարող են լինել,- երբ ներսի վարիչ մարմինները վստահ են, որ դա կռիւը կը դարձնէ ազդու, լայն և յարատև: Միջոցներ ձեռք առնել միլիցիայի սկզբունքով կամ այլ ձևի, առանց վարձի, մարտական դաշնակցական խմբերը մարզել ապագայ գործողութիւնների համար:
Վռամեան.- Այդ բանաձևերի մէջ մտցնել նաև, որ ջարդերի ժամանակ արշաւախմբերը պէտք է օգնութեան հասնեն:
Ռոստոմ. - Այդ հարցը արհեստական կերպով է յարուցւում: Շատ բնական է, որ մենք առանց այևայլութեան անյապաղ օգնութեան ենք գնալու՝ ջարդերի դէպքում:
Վռամեան բանաձևում է իւր առաջարկը, «ջարդերի պարագային ևս սահմանի երկու կողմը՝ Պատասխանատու մարմիները ինքնապաշտպանողական խմբեր կը կազմեն, վտանգի տակ գտնուող ժողովրդին օգնելու համար>>: Այս առաջարկը քուէարկուելով՝ ստացւում է 13 ձայն թեր, 10 ձայն դէմ և 5 ձեռնպահ:
Վռամեան բողոքում է քուէարկութեան այդ արդիւնքի դէմ, այդպիսի մի կարևոր կէտի մասին և պահանջում, որ իր բողոքը մտցուի արձանագրութեան մէջ:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 202-204:

N10

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 84-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

15 ապրիլի 1907թ.

Նախագահը Ժողովի քննութեան է ենթարկում քննիչ յանձնաժողովի պատրաստած բանաձևը «Միհրանական խնդրի մասին»: