Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/216

Այս էջը հաստատված է

Քաղաքապետարանը մայիսի 8-ից մինչև յունիսի վերջը մուտք ունեցել է 42,359 ղրշ., որպիսի գումարը գանձւել է սպանդանոցների շէնքերի, խանութների տուրքերից, Քէշիշ Գեօլ Սխկա և Տօնիա լճերի ջրերի վաճառումից, ծառերի վաճառումից, տուգանքներից և այլն: Ծախք նոյնքան ժամանակամիջոցում եղել է 6837 ղրշ.: Ծախքեր եղել են. 1. դիակներ վերցնող բանւորների, 2. դիւանական ծախքերի, 3. չքաւոր մարդկանց թաղելու պատանի, 4. ծառերը գնահատելու համար վարչութեան երկու անգամ այցելել են 390 դրշ. (տե՛ս օրական գումար ել և մտից յունիսի 6, N 12), նոյնպիսի նպատակի 60 ղլրշ. (տե՛ս յունիսի 9, N13), 5. փողոցները մաքրող բանւորների, 6. դիակներ թաղելու և անկարգ փողոցները նայելու, կառքի վարձ 132 ղրշ. (տե՛ս 26-ն յունիսի, N33): Քաղաքապետարանը իր գործունէութիւնը կանոնաւորելու համար սոյն տարուայ յունիսի 25-ին N 124 գրութեամբ նահանգային վարչութեան իր գործունէութեան մի կանոնագիր է ներկայացրել, բայց քաղաքապետարանի մինչև այժմ կատարածի և կանոնագրի արտագծածի մէջ մեծ տարբերութիւն կայ:

Ըստ իս քաղաքապետարանը ամբողջ քաղաքի բարեզարդութեան, կանոնաւորման պատասխանատուն է, պիտի ունենայ Եւրոպական քաղաքի կազմակերպութիւն մօտաւորապէս, ուստի անհրաժեշտ է վերակազմել այդ մարմինը հիմնաւորապէս, յատկապէս քաղաքի ֆինանսները կանոնաւորել, մուտքի աղբիւրները աւելացնել, կազմել յատուկ յանձնախումբ այդ նպատակի համար, վարչութեան ենթակայ:

Քաղաքապետարանն ունի ճարտարապետ և երկրաչափ, ըստ իս վերջինս հնարաւորութիւն ունի կատարելու նաև առաջինի պաշտօնը, որովհետև այդ պաշտօնէի կատարածը քիչ բան է և պատասխանատու էլ չէ։

Քաղաքապետարանն ունի ևս 5 գործակատարներ, որոնք ոստիկանների պաշտօն են կատարում, ըստ իս սրանց էլ կարելի է կրճատել որովհետև ոստիկանատունը կարող է տրամադրելի անել ոստիկաններ, մանաւանդ, եթէ այժմ մի քանի ոստիկաններ աւելացնեն, ընդհանրապէս պէտք է ուժեղացնել թէ պաշտօնեաների և թէ մանաւանդ էլ և մուտքի հսկողութիւնը:

3. Տնտեսական մարմին
Ցայսօր տնտեսական մարմինը ժողովներ չի ունեցել: Նախագահը իր բարեհայեցողութեամբ վճռել է գործերը իր պատասխանատւութեամբ: Այս մարմինն ևս չունի օրինագիծ և կառավարւում է իր անդամների, առաւելապէս նախագահի հրահանգներով: Մարմինը 9-ն մայիսի սոյն տարի, նահանգային վարչութեան գրած մի թղթով յայտնում է, որ իր գործունէութիւնը պիտի լինի. 1. կեդրոնացնել Վանի շրջանի եկամուտները և նորեր ստեղծել, 2. կեդրոնացնել շրջանի արմտիքի և զանազան ուտելեղէնների եկամուտը: