Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/218

Այս էջը հաստատված է

է կախուած միւս մարմինների և հասարակական հիմնարկութիւնների կանոնաւորումը, ուստի անհրաժեշտ է յատկապէս այս մարմնի հսկողութիւնն ուժեղացնել, շրջանի եկամուտների աղբիւրները կանոնաւորող յանձնախումբ կազմել և համոզուած եմ, որ եկամուտները կկրկնապատկւին և հասարակական գումարները կանոնաւոր կգանձւին:

4.Ոստիկանութիւն.
Ոստիկանութիւնն ևս ցայսօր կառավարւում է առանց օրինագծի և հրահանգների: Ոստիկանատներում ծառայում են տաճկական իշխանութեան ժամանակ ոստիկանութեան մէջ ծառայածներ, որոնք իրենց յիշողութեան և փորձառութեան հիման վրայ աշխատում են գործերին ընթացք տալ, իսկ իւրաքանչիւր պատասխանատու պաշտօնեայ գրեթէ իւրատեսակ է բացատրում խնդիրը: Որոշել ներկայ ոստիկանութեան գործունէութիւնը ճշտօրէն դժւար է, որովհետև ոստիկանութիւնն այժմ առաւելապէս այս ու այն հիմնարկութեան, երբեմն էլ պաշտօնէի յանձնարարութիւններ կատարող է, մի բան, որ ոստիկանապետարանն իսկ խոստովանում է:

Հարց ու փորձից այն եզրակացութեան եկայ, որ ոստիկանութեան կողմը ընդհանարպէս չգիտե իր անելիքը․ ոստիկաններից մեծագոյն մասը առանց հասկանալու ի՞նչ պարտականութիւն է ծանրանում ոստիկանի վրայ, այլ տեղ գործ չգտնելով, մտել են ոստիկան, իրենց հացը հայթայթելու: Ներկայ ոստիկանները անգիտակ են իրենց պաշտօնին, հարկաւոր են լաւ. պատրաստուած ու պահանջկոտ ոստիկանապետ ու շրջանապետներ, որ կարողանան հետզհետէ պատրաստել, կրթել ոստիկաններին, հասկացնել իրենց պարտականութիւնները: Հսկողութեան և պատշաճ հրահանգների բացակայութեան պատճառով ոստիկանապետարանը և շրջանապետութիւնները տարբեր ձևով են վճռում հարցերը, տարբեր ձևով պահում դիւանը, մատեանները, հատկապէս տուգանքների խնդրում քաօս է իշխում շրջանապետութիւններում: Ոմանք տուգանք են առնում և տեղական ոստիկանական պահանջների համար գործադրում, ոմանք չեն առնում, ոմանք այս չափով, միւսները նոյն բանի համար այլ չափով են առնում, ոմանք իրենց իրաւասու են համարում այս ու այն հարցը վճռելու, միւսները դիմում են ոստիկանապետարանին:

Քաղաքի մաքրութեան կանոնաւոր հսկողութեան, կարգապահութեան խնդիրներում ցայսօր ոստիկանատներ շատ քիչ բան են կատարել, որովհետև մի կողմից այլ հարցերով են զբաղուած եղել, միւս կողմից հսկողութիւնը կանոնաւոր հիմքերի վրայ դնելու համար առանձին աշխատանք չեն թափել:

Քաղաքի ճաշարանները, փռերը, շուկաները, մանաւանդ սպանդանոցները, փողոցները մաքրութեան տեսակետից շատ աննախանձելի վիճակի մէջ են, գարշահոտութիւնը, աղբը, աղտոտութիւնները թափուած են