Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/23

Այս էջը հաստատված է

անջատողական ձգտումները, եւրոպական միջամտութիւնը միայն հայերիս համար եւն: Բաւական չէ որ մենք պիտի փոխենք մեր տակտիկան, ժամանակի և պարագաների համեմատ, հարկաւոր է ունենալ մի ընդհանուր ծրագիր, որի շուրջը կարելի լինի համախմբել բոլոր դժգոհ տարրերին: Մենք բաց ճակատով և յեղափոխական շիտակութեամբ պէտք է դուրս գանք նրանց դէմ և ոչ յետին ու մութ ծրագիրներով: Ես դժբախտաբար քաղաքական հարցերում ձեռնհաս չլինելով, չեմ կարող այս հարցի մասին որևէ հեղինակաւոր բան ասել, այլ պիտի բաւականանամ այն գործնական տպաւորութիւններով, ինչ որ ստացել եմ Երկրում: Մեր ամբողջ 17-ամեայ գործունէութիւնը մեզ ապացուցանում է, որ մենք մեն մենակ, մեր ուժերով, անկարող ենք որևէ նպատակայարմար գործ կատարել: Մեր դէմ դուրս եկան, ոչ միայն կառավարութիւնը, այլև մահմետական մասսաները: Սրանց կից, մեծ դեր են կատարում և՛ թուական քանակութիւնը, մանաւանդ ցրուած լինելը մեծ տարածութեան վրայ, շրջապատուած օտար տարրերով, որով չենք յաջողում կանոնաւորապէս կազմակերպուել և զանազան վայրերը իրար հետ կապել: Այս բոլորից յետոյ դարձեալ շարունակել հին սիստեմը՝ անհնարին է, մանաւանդ որ տաճիկ մասսաները վերջին շարժումներով մեծ անակնկալ են տուել մեզ: Թիւրիմացութիւնների տեղիք չտալու համար, անմիջապէս աւելացնեմ, որ ես ամբողջապէս չեմ բաժանում դրսում տարածուած այն կարծիքը, որ ըստ մոդայի ծախսում է քաղաքական շուկայում-որ իբր թէ Դաշնակցութիւնը տարուած իր ազգայնական ֆանատիզմով, արհամարհել է հարևաններին, կամ անկարող է եղել նկատել այն կայծերը, որ թագնուած էին թուրք մասսաների մէջ: - Հեշտ է կեանքում առաջ եկած մի երևոյթից, յետին թուով եզրակացութիւններ հանել մոռանալով ամբողջ անցեալը, թուրք մասսաների տգիտութիւնը, թուրք ինտելիգենցիայի քադաքական սնանկութիւնը, մանաւանդ ռուսական մեծ յեղափոխութեան ազդեցութիւնը. պարսկական շարժումների տպաւորութիւնը և այլ փոփոխութիւնները, որոնք անցեալում և ներկայում ազդել են թուրք ժողովրդի տրամադրութեան և վիճակի վրայ. նրանք մոռանում են մանաւանդ տնտեսական այլ ճնշումներ, որ վերջերս ծանրացել են թուրք ժողովրդի վզին: Իմ անհատական համոզումն է, որ մենք ձեռք պիտի քաշենք մեր առանձնացած շարժումներից և միանանք կամ սկիզբ դնենք համապետական շարժման, մեր երկրում բնակուող բոլոր ցեղերի հետ: Այդ գաղափարը կեանքում իրագործելու համար ես մի այլ ճանապարհ եմ առաջարկում․ ես մեծ հաւատ չունեմ Եւրոպա ապաստանած «Երիտասարդ Թուրքեր»-ի կամ այսպէս կոչուած «Ժէօն Թուրքերի» վրայ. նրանք մեծ մասամբ պալատական յեղափոխականներ են, որոնք ունեն այս կամ այն դինաստիական թախումային32 շահեր․ դրանցից սկսելով շատ դժուարութիւնների կը հանդիպենք: Ըստ ամենայնի նպատակայարմար է սկսել հենց բուն Երկրից, հենց թուրք մասսաներից և նրա ծոցում ապրող