Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/237

Այս էջը հաստատված է
ՀԱԱ, ֆ. 242, ց.1, գ․ 27, թ.9, բնագիր, ձեռագիր:

N 237

ՎԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎՆԱՍՎԱԾ ԼԻՄԱՆԱՊԱՏԻՑ ՏՈՒՐՔԵՐ ՉԳԱՆՁԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

14 հուլիսի 1915 թ.

Վան

Վանի վսեմ նահանգապետին

Անցեալ դէպքերու ատեն Լիմ Անապատի ունեցած վնասները մենք մեր աչքով տեսանք. երբ որ այս անգամ նոյն կղզին գացինք, դրսի տան ու էջմիածնի վանքի շէնքերը իսպառ վառուած ու քայքայուած ու վանքը՝ ժողովրդեան հօն խառնուելու պատճառով մեծամեծ վնասաց ենթարկուած է:

Յիշեալ վնասուց իբրև մի փոքր հատուցում կը խնդրենք, որ հաճէք հրամայել 'ի Լիմ Անապատի ու անոր յարակից եղող էջմիածնի վանքի տասնորդական տուրքը չը գանձուի, նաև վառուած ու քայքայուած շէնքերու համար ալ արտօնուեն Արճէշի ու Ալճաւազի ծովեզերեայ գաւառներէն բավական քանակութեամբ ծառեր կտրելու ու փոխադրելու վանքը ՛ի պէտս նոյն շինութեանց:

Աղօթարար Առաջնորդ. փոխանորդ Վանայ՝ Եզնիկ վարդապետ
Մակագրություն. Արտօնութիւն. 300 հատ ծառ կտրել Արճէշի և Ալճաւազի ծովեզրեայ լքուած գիւղերէն: Յուլիս 14
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 39, բնագիր, ձեռագիր:

N 238

ԱՐՏԱՄԵՏԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ Հ. ԱՐՏԱՄԵՐՏՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

15 հուլիսի 1915 թ.
Արտամետ

Պրն. Նահանգապետ.
Շրջանիս աղքատ հնձւորներուն ի նպաստ պատրաստել տուած եմ 150 մանգաղ ըստ Ձեր յանձնարարութեան: Գրաբէրս ղրկեցի զանոնք վերցնելու, ուստի հաճեցէք գիները՝ 15 դուրուշէն վճարել, որ մանգաղները վերցնէ:

Ռուսները գրեթէ ամէն օր մեծ վնասներ կուտան մեզի, կը փճացնեն այգիները, կը հաւաքեն կը տանին իրենց ու հայ կամաւորներու ձիերու կոխկոտուքէն յետոյ հայերու քաղած ու չորցուցած խոտերը, երէկ տարան մօտաւորապէս 400 խուրց խոտ: