Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/248

Այս էջը հաստատված է

նի, մեր խմբերի մէջ արդէն ոգևորութիւնը կը փախչէր: Պիտի հին կերպարանքը պահել։ Մենք ինքներս ուզում էինք մի քանի բանակների գլուխ դնել հայ օֆիցերներին և այնպիսիներին, որ մեր ոգով ներշնչւած են: Պիտի մեր գոյնը պահւի:

ՀԱԱ, ֆ 222, ց. 1, գ. 111, թ. 13, պատճեն, մեքենագիր:

N 245

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԶԱՊԵԼ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ՝ ՎԵՐՋԻՆԻՍ ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ ԻՐ ՈՒՍՈՒՑԻՉ ԱՐՇԱԿ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ

24 փետրվարի 1917 թ.
Թիֆլիս
Շատ սիրելի տիկին ԶապԷլ!

Սրտի խորունկ կսկիծով այսօր պատահաբար լսեցի սիրելի Արշակի անակնկալ և անժամանակ մահը: Խիստ ցաւում եմ, որ անձամբ անկարող եմ, իմ վերջին հրաժեշտի համբույրները տալու իմ սիրելի ուսուցչի աճիւնին...

Կ՛ուզենայի ոևէ մխիթարական խօսք գտնել Ձեզ համար, բայց այժմ անկարող եմ, որովհետև իրօք որ դա Ձեզ համար սոսկալի մի հարուած եղաւ:

Դուք յանձին սիրելի Արշակին կորցրիք լաւ ընկեր-ամուսին, իսկ հայ ազգը՝ բարի, յաւէտ լաւատես, շիտակ և մանաւանդ անսպառ եռանդով աշխատող մի գործիչ:

Տիկին! Ինչքան էլ ապերախտ լինի հայ հասարակական գործունէութեան ասպարէզը, լաւ իմացէք, որ Արշակի ցանած լուսոյ, բարութեան, ազնւութեան և հայ ժողովրդի վերածննդի սերմերը իզուր չեն անցնի: Նրա բազմաթիւ աշակերտները, բարեկամները և ընկերները, միշտ թարմ ու անշէջ կը պահեն իրենց հոգու խորքում, Արշակի միշտ պայծառ յիշատակը...

Եւ պտուղները արդէն հրապարակի վրայ են, իմ դպրոցական ընկերների փայլուն գործունէութիւնը, իմ համեստ հասարակական գործունէութիւնը, եթէ ոևէ ազգային արժէք ունի, մենք պարտական ենք մեր սիրելի ուսուցիչ Արշակին:

Միակ մխիթարութիւնը Ձեզ համար թող լինի Արշակի և Ձեր միակ որդին:

Ձեր կեանքի մնացորդը նուիրեցէք նրան և ներշնչեցէ՛ք hoր ազնւութիւնը նրա մատաղ հոգու մէջ:

Համակուած ամենախորին վիշտով՝ մնում եմ Ձեզ միշտ բարեկամ՝

Արամ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 69, թթ. 1-2, ինքնագիր: