Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/25

Այս էջը հաստատված է

պէտք է ասեմ, որ այդ կեանքի մէջ լայն չափով չէ իրագործւում: Այդ ուղութեամբ կազմակերպութիւնը մեծ ջանք է գործ դրել, բայց աչքի զարնող յաջողութեան չի հասել: Ես, ի հարկէ, միանգամայն համաձայն եմ համերաշխութեան գործառնութեան օտար ընդդիմադիր տարրերի հետ. բայց և վտանգաւոր եմ համարում միանալ թուրքերի և քիւրտերի հետ, խառն կոմիտէներ կազմակերպելով, քանի որ վերջիններս ղեկավարւում են հարուստների և թէգերի կողմից: Էրզրումի շարժման ղեկավարները եղել են երեք ամենայայտնի վաշխառուներ: Դժգոհութիւնը աշխատաւոր տարրերի մէջ, տգիտութեան պատճառով, դեռ շատ աղօտ է և թոյլ: Իմ կարծիքով տեղական մարմինները կարող են համաձայնութեան գալ քիւրտերի, թուրքերի և ասորիների հետ, և ի հարկին համերաշխութեան ձեռնարկներ անել:

Զարդարեան.- Ես միանգամայն հակառակ եմ խառն կոմիտէներ կազմելու առաջարկին: Դեռ ժամանակը չէ նման ձեռնարկներ անելու, քանի որ թուրք մասսան անգիտակ է և անկարող մեր ծրագրով ղեկավարուելու: Սրանից զատ մեր գործակցութիւնը թուրքերի հետ առիթ կը տայ նոր կոտորածների և խլրտումների: Մենք պէտք է աշխատենք հեռուից տոն տալ շարժումներին և խիստ վերապահութեամբ վերաբերուել:

Համօ․- Ընդունելով հանդերձ, որ մեր շարժման մէջ երբեք անջատողական բնոյթ չկայ, բայց մենք միշտ էլ և այժմ, պէտք է շեշտենք դրա վրայ: Ինքնստինքեան հասկանալի է, որ հենց մեր դրած իդէալից չէ բխում սեպարատիստական տենչ: Բայց ինձ բոլորովին զարմացնում է ընկ. Զարդարեանի առարկութիւնը: Մի՞թէ նա կարծում է, որ եթէ մենք մենակ գործենք և չմիանանք ընդդիմադիր տարրերի հետ, կառավարութիւնը չպէտք է կոտորէ հայերին: Առարկութիւնն ու վախը անհիմն լինելով, ես չեմ ուզում ծանրանալ դրա վրայ: Կառավարութիւնը միշտ էլ առիթներ կարող է գտնել կոտորածներ առաջ բերելու, եթէ ուզէ: Թուրքերը դիմում են մեզ և խնդրում մեր աջակցութիւնը և ղեկավարութիւնը: Մենք չպէտք է մերժենք այդ:

Արամ.-Փաստ է, որ Թուրքիայում տեղի ունեցող և քաղաքական գոյն կրող շարժումները ղեկավարուել են մեր ձեռքով․ գուցէ մեր ընկերներից շատերը չգիտեն այդ մասին: Թուրքերը յաճախ ասել են մեր ընկերներին՝ Վանում, Էրզրումում և Եւրոպայում, որ դուք պէտք է լինէք մեր ուսուցիչները: Մենք պէտք է մօտենանք այդ ընդդիմադիր ուժերին․ այդ է պահանջում մեր իսկ շահը: Գալով անջատման խնդրին, ես առաջարկում եմ, ոչ թէ սոսկ որոշումով բաւականանալ, այլ պաշտօնապէս յայտարել, քանի որ մինչև այժմ էլ տիրում է առաջուայ թիւր կարծիքը և միշտ էլ կրկնւում է:

Մուրատ.- Մեր ընկերներից մի քանիսը խիստ լաւատես են. բայց ես դժբախտաբար անկարող եմ նրանց լաւատեսութիւնը բաժանել: Եթէ համոզուած լինեմ, որ թուրքերի մէջ առաջացած շարժումը յեղափոխական բնաւորութիւն է կրում, ես խնկով մոմով կը դիմաւորեմ, բայց