Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/267

Այս էջը հաստատված է

Այժմ, մեղաւորներ որոնելու ետևից չընկնենք․ այսքանը միայն իմացէք, որ այստեղ մի չնչին փոքրամասնութիւն դարձեալ հերոսական ճիգեր է անում, որ ոևէ կերպով նոր ուժեր հասցնենք ճակատ: Ես անձամբ հաւատացած եմ, որ այդ մեզ կը յաջողի, միայն թէ դուք դիմացէք:

2. - Վանի պրիգադային ձեր հրահանգին համաձայն թոյլ չտուի, որ շատ մարդ վերցնի, մօտ 1500 զէնք և 4000 կոմպլէկտ հագուստ ունենք պատրաստ ձեզ համար: Ես կարող եմ հասցնել մինչև Իգդիր․ աշխատեցէք այնտեղ բեռներով ոևէ կերպ ներս քաշել:

Ալաշկերտի Ղարաքիլիսէն փամփուշտ կայ մոսինի, աշխատեցէք այնտեղից էլ օգտուել: Այնտեղ մօտ մէկ միլիոն պատրաստի փամփուշտ կայ ձեզ համար:

Խիստ եղէք դասալիքների և դաւաճանների վերաբերմամբ:

Վանի պրիգադայի պետը մի լաւ մարդ և հրաշալի ու փորձառու պօլկովնիկ է, ներկայացուած է զօրավարութեան, կամ դէպքերի պատճառով չի ստացել, շատ պիտի սիրէք, հոգով հայ է և տղամարդ, ինքն էլ ղարաբաղցի է իսկական տիպով213: Շուտով կը պատրաստենք և թնդանօթաձիգներ. արդէն հեռագիրներ ունենք, որ սպաներ են գալիս, այնպէս որ դրանց հետ ռուսահայեր կը դնենք և կˈուղարկենք անմիջապէս ձեզ:

3. - Իմ կարծիքով Ե. պոլկի աւելորդ զէնքեր և ինչքեր ձեզ թողնելով, վերցնելով և լաւ սպաներին՝ միւսներին պիտի թողնել, որ ռադ լինին, այդպէս էլ ես պիտի աշխատեմ այստեղ:

4. - Դրամի համար ամէն կերպ աշխատեցինք, որ մի գումար հասցնենք, այդտեղից փոլիցա քաշեցէք՝ հոս վճարենք ընտանիքներին:

5. - Շուտով ներկայացրէք ձեր զինուորների ընտանիքների անդամների թիւը զինուորների անունների հետ, որ ամսականներ կապենք, երևի գիտէք, որ տունը մնացող մարդագլուխ, մեծ ու փոքր, աղքատ կամ հարուստ ստանալու է ամսական 20 րուբլի:

6. - Սուրհանդակներ հանեցէք մինչև Երևան․ ուրիշ կերպ լուր առնել կամ տալ անհնարին է:

7. - Կովկասը մեծ ճգնաժամ է ապրում․ հայ-թուրքական ո՛չ թէ ընդհարում, այլ պատերազմ է սկսուել. Վրաստանը մեզ էլ, իրեն էլ խայտառակեց. սկզբից հակառակելով զինուորագրման՝ հիմա խուճապով սկսել են զինւոր հաւաքել:

Նահանգ նահանգի հետ կապ չունի, մի ամիս է Թիֆլիսից լրագիր կամ փոստա չենք ստանում:

Բագւում և Շուշու կողմերը դրութիւնը ծանր է. դեռ ընդհարումներ չկան, բայց օրէ օր սպասւում են. մերոնք լաւ կազմակեերպուած են:

Պոլկեր կան Շուշի, Գանձակ, Նուխի, Բագու ևն.:

Եւրոպական բեմից լուր չունենք: Անգլիացիք, ըստ երևոյթին, Երուսաղէմի կողմերը յաղթանակներ են տարել:

Գերմանացին, ըստ լուրերի, գրաւել է Օդէսա, Կիէվ, Խարկով, Մոսկուա, Պետրոգրադ և այլն: