Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/273

Այս էջը հաստատված է

6. Հասարակութեան իւրաքանչիւր անհատ անկեղծօրէն պէտք է լայն անդակութիւն ցոյց տայ դասալիքներին ձերբակալելու և պատժելու գործին:

7. Կտրականապէս հրահանգում եմ խուսափել ազգամիջեան անմիտ ընդհարումներից: Իւրաքանչիւր մարդ ամեն կերպ պէտք է նպաստի թուրք հարևանական յարաբերութիւնները անխախտ պահելուն:

8. Չը միջամտել ոչ զինւորական և ոչ էլ կառավարական գործերին:

9. Ինձ և իմ գործակիցներին չզբաղեցնել մանր-մունր խնդիրներով:

10. Ուժեղացնել քաղաքի թաղային պահպանութիւնը:

11. Վերջ տալ զանազան ֆանտաստիկ ծրագրներին:

12. Հսկել հասարակական ընդհանուր կարգապահութեան ու ապահովութեան վրա, չհաւատալ զանազան սուտ ու սխալ լուրերի, որոնք առասպելական գունաւորումներով տարածւում են հասարակական լայն խաւերում ու լքում առաջ բերում: Վստահացէք Ազգային Խորհրդի հաղորդած լուրերին, որոնք ստացւում են ճիշտ աղբիւրից։

Հայրենակիցներ!

Հասարակական շարժման յաջողութիւնը գերազանցապէս կախւած է զոհաբերութիւնից և կարգապահութիւնից: Զոհեցէք ձեր անհատականը ձեր ոյժերի և ստացւածքի մաքսիմումը, քանի դեռ հնարաւորութիւն կայ փրկելու ընդհանուրը, այլապէս դուք և ձեր կարողութիւնը, ձեր կայքերն ու դրամը, ձեր կանայք ու երեխաները կտրորւեն ներս խուժող թշնամու ձիերի սմբակների տակ:

Զոհաբերութիւն և կարգապահութիւն,- սրանք կարդինալ հարցեր են, որոնցից կախւած է մեր ժողովրդի փրկութիւնը: Խորին հաւատ, անվերապահ վստահութիւն և ղեկավարների կարգադրութիւնները կատարելու պատրաստակամութիւն՝ ահա թէ ինչ պէտք է լինի հայ ժողովրդին ղեկավարող սկզբունքը: Այլապէս մեզանում էլ տեղի կունենայ այն, ինչ որ տեղի ունեցաւ ու հիմնովին քայքայեց մեծ Ռուսաստանը:

Հայ զինւորներ, նամանաւանդ հայ սպաներ, վերջին խօսքս ձեզ եմ ուղղում․ տոգորւեցէք վայրկեանի գերագոյն ոգով: Հայրենիքի փրկութիւնը ձեր ձեռքին է: Դուք, սպաներ ու զինւորներ, կամ պէտք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինէք. կամ նրա գերեզմանափորերը: Գործի դիմենք, վերջ տանք սին խօսքին ու ժողովներին: Թշնամին՝ հրէշային ախորժակներով, առաջանում է. հուժկու գրոհով պէտք է քշենք նրան հայրենի սահմաններից:

Դէպի շինարար գործ.- խօսքը, քննադատութիւնը, գնահատումները թողէք ապագայ ազատ ու խաղաղ օրերին, իսկ այժմ միմիայն գործ:

Հայ ժողովուրդը վճռել է ապրել, ապացոյց որ նա այժմ հերոսական ճիգեր է գործ դնում ֆրօնտն ուժեղացնելու, թշնամու ընթացքը դանդաղեցնելու համար:

Ներքին սև ոյժերին նա պատասխանատւութեան է կանչում և անարգական սիւնին գամում։