Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/278

Այս էջը հաստատված է

N 276

Ա. ՄԱՆՈԻԿՅԱՆԻ ԵՎ Դ. ԿԱՆԱՅԱՆԻ ՈՒՂԻՂ ՀԵՌԱԳՐԱԹԵԼՈՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Ս. ՎՐԱՑՅԱՆԻ ԵՎ Կ. ՂԱԶԱԶՅԱՆԻ ՀԵՏ ԲԱԹՈՒՄԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

15 մայիս 1918թ., կէսօրւայ ժամը 2
Ապարատի մօտ սպասում են Արամն ու Դրօն:
Երևան. - Այդտեղ ո՞վ կայ:
Թիֆլիս. - Այստեղ ապարատի մօտ են Վրացեանն ու Կորիւնը:
Երևան. - Մանրամասն պատմէք թէ ինչ է կատարւում այդտեղ:

Թիֆլիս. - Ես երէկ վերադարձայ Բաթումից, այնտեղ դրութիւնը պատկերանում է հետևեալ ձևով: Եկել են գերմանական և տաճկական պատգամաւորութիւնները - Բոլգարականն ու Աւստրիականը դեռ չկան: Մասնակցում է նաև Դաղստանի պատգամաւորութիւնը, որը յայտարարեց իրենց անկախութիւնը՝ Հիւսիսային Կովկասի, Դաղստանի, Զաքաթալայի և Սուխումի շրջանների սահմաններում:

Տաճկական պատգամաւորութեան հետ եկել է ծովային մինիստր Ջամալ-փաշան, որը մեզ հետ երկար խօսակցութիւն ունեցաւ և այդ խօսակցութեան ընթացքում, ի միջի այլոց յայտնեց, որ տաճկահայերը նորէն իրենց հայրենիքը վերադառնալ չեն կարող:

Խաղաղարար պատգամաւորութեան առաջին պաշտօնական նիստը տեղի ունեցաւ մայիս 11-ին: Մենք պնդում էինք, որ բանակցութիւնների ժամանակ պիտի յենւենք միայն և միմիայն Բրեստի պայմանագրի վրայ: Տաճիկները խստիւ բողոքեցին դրա դէմ և նոր պահանջներ դրեցին, որոնք հասնում են համարեա ձեր սահմաններին - (այսինքն Երևանի սահմաններին):

Ալէքսանդրապոլից հէնց նոր հեռագիր ստացանք գեներալ Արէշևից, որ տաճիկները նախայարձակի դիմեցին, և ռմբակոծում են Ալէքսանդրապոլը և որ մեր զօրամասերը դիմադրութիւն են ցոյց տալիս: Հէնց նոր Ազգային Խորհրդից խնդրում են յայտնել ձեզ, որ ընդհանուր հրամանատարը հրամայել է դիմադրել: Տաճկական հրամանատարը ուլտիմատումի ձևով պահանջել է տաճկական շտաբի տրամադրութեան տակ դնել Ալէքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագիծը, որպէսզի իրանց զորամասերը տեղափոխեն Ջուլֆա, անգլիացիների դէմ, որովհետև անգլիացիները ճնշում են գործ դնում Ջուլֆայի վրայ: Պահանջել են նաև յետ քաշել մեր զօրքերը երկաթուղու գծից 20 վերստ հեռու դէպի մեր սահմանը: Խաղաղ բնակչութեանը խնդրում են մնալ իր տեղում: Պատերազմից յետոյ, սահմանը կը լինի Արփաչայը:

Ինչի՞ վրայ է հիմնւած անգլիացիների Ջուլֆայի վրայ ճնշում գործ դնելու տեղեկութիւնը:

Երևան. - Այդ տեղեկութիւնը ոչ մի հիմք չունի: