Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/279

Այս էջը հաստատված է

Թիֆլիս. - Մենք էլ անգլիացիների մասին ոչ մի տեղեկութիւն չունենք. Ջուլֆայից մեզ հաղորդում են, որ Ջուլֆայի մոտիկ շրջանում անգլիացիներ չը կան: Նրանց մասին խօսում են միայն տաճիկները:

Երևան. - Ի՞նչ է կատարւում Բաթումի ճակատում, խաղաղարար բանակցութիւնները խզւա՞ծ են արդեօք. ի՞նչ է մտածում դիպլոմատիան:

Թիֆլիս. - Խաղաղարար բանակցութիւնները շարունակւում են. Բաթումի ուղղութեամբ կատարեալ հանգստութիւն է: Արեշովից ստացւած հեռագիրը անմիջապէս յայտնեցինք Չխենկելիին, համապատասխան քայլեր անելու: Բաթումից առայժմ պատասխան չունենք:

Երևան. - Բաթումից գերմանական զօրքեր կա՞ն թէ ոչ և եթէ կան ի՞նչպիսի վերաբերմունք են ցույց տալիս Անդրկովկասի նկատմամբ:

Թիֆլիս. - Գերմանական զօրքեր չկան. գերմանական պատգամաւորները յայտնեցին, որ նոքա կողմնակից են անկախ Անդրկովկասին - կազմւած երեք շտատներին՝ Վրաստան, Հայաստան և Ատրպատական: Բաթումում, ինչպէս թուրքերը, նոյնպէս և գերմանացիները հետաքրքրւում էին յատկապես հայ-թրքական յարաբերութիւններով Երևանեան նահանգում: Նոքա պահանջում էին վերջ տալ ճնշումներին, որոնք գործ են դրւում թուրք ազգաբնակութեան վրայ. հակառակ դէպքում տաճկական զօրքերը ստիպւած կը լինեն դուրս գալ պաշտպանելու իրենց հաւատակիցներուն:

Երևան. - Մեր տեսակէտը հետևեալն է - Գերմանացիների բոլոր պահանջներին պէտք է ընդառաջ գնալ անկեղծօրէն:

Թիֆլիս. - Գերմանացիների մասին մենք էլ նոյն կարծիքին ենք և այդ ուղղութեամբ աշխատում ենք Բաթումում, մենք նրանց ասել ենք, որ կընդունենք ամեն մի պայման, միայն թէ ապահովեն մեր ֆիզիքական գոյութիւնը։ Նոքա ասացին, որ Գերմանիան երբէք թոյլ չի տայ, որ տաճիկները հայերի վերաբերմամբ իրագործեն իրենց ծրագիրը: Միայն թէ հայերը անկեղծօրէն ընդունեն գերմանական օրինտացիան: Նրանք պաշտպանում են Բրեստի պայմանագիրը:

«Զանգ», 17(4)մայիսի 1918, N 34:

N 277

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻՆ՝ ԹՇՆԱՄՈԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

21 մայիսի 1918 թ.
Երևան

ԿՈՉ

Երևանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել:

Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպէս զի նրանք գան և կամաւորական խմբերի գլուխ անցած ընդառաջեն թշնամուն: