Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/283

Այս էջը հաստատված է

Հայոց կառավարութիւնը կազմելուց Ազգային Խորհուրդը մեկնելու է Երևան: Վրացիները պահանջ դրին անմիջապէս պալատից հեռանալ, մենք հեռացանք, նախքան մեզանից պահանջէին, թուրքերը յամառեցին, բայց այսօր նրանց վռնդել են պարզապէս: Հայ և թուրք ազգային խորհուրդները մի-մի պատւիրակ են տւել մինիստրութիւնների մեջ պէտական գույքը բաժանելու համար, ինչպէս և նոր կտրող դրամը: Հայ և թուրք պատւիրակները միասին ժողովներ են ունենում մի ընդհանուր վարմունքի գիծ ունենալու այս խնդրում, քանի որ երկուսի շահերն էլ ընդհանուր են: Ռուսաստանի հեռանալով և Վրաստանի անջատւելով' հայերն ու թուրքերը, կարծէս մենակ մնալով, մօտենալ են փորձում իրար:

Գուցէ այս ճանապարհը մեզ աւելի նպաստաւոր լինի, և թուրքերի շնորհիվ յաջողւի մեզ հետ տաճիկների վայրագութիւնը մեղմել և ապահովել հայ տարրի ֆիզիքական գոյութիւնը:

Շատերս կարծում ենք, որ մեր հարևան մահմեդականների հետ բարեկամական յարաբերութիւն մշակելով անկեղծօրեն աւելի հաւատարիմ դաշնակիցներ գուցէ կունենանք, քան եղան վրացիները: Յամենայն դէպս կրքերը պետք ե մեղմել և ժողովրդին հանգիստ տալու համար մտածել՝ առանց մեր ռազմական ոյժը թուլացնելու բոլոր անակնկալների դէմ պատրաստ լինելու համար: Եթե հաշտութիւնը տևական լինի, գուցէ ճար ունենանք ստեղծագործական աշխատանքի դիմելու, թողնելով պատերազմը տաճիկներին, թուրքերին, ռուսներին և անգլիացիներին: Վրաստանը նոյնպէս ընդունել է ուլտիմատումը՝ կորցնելով Բաթումը և Ախալցխան՝ իրենց շրջաններով: Նրանք վայելում են գերմանական հովանաւորութիւնը և դրանով ապահով են զգում իրենց թրքական գրաւումներից և լծից: Խնդրում ենք այս նամակն ընդօրինակելով՝ ուղարկէք կորպուսի շտաբը:

Ձեր կռիւների մասին իմացանք Վէհիբ փաշայի հաղորդածներից: Չգիտենք որքան ճշմարիտ են, յամենայն դէպս՝ մի թէև փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զօրքի անձնւիրութեան: Որքան մեզ յայտնի է, գերմանացիք և տաճիկները Կովկասը բաժանում էին Վրաստանի և Ադրբեջանի՝ հայերին ապահելով սոսկ ֆիզիքական գոյութիւնը: Պետքէ կարծել, որ մեր զօրքի դիմադրութիւնը ստիպեց ճանաչել մի Հայաստան:

Նախագահ Ազգ. Խորհրդի՝ Ա. Ահարոնեան
Քարտուղար՝ Ն.Աղբալեան
ՀԱԱ, ֆ․289, ց. 1, գ.11, թ․1 և շրջ., պատճեն, ձեռագիր: