Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/288

Այս էջը հաստատված է

N 286

«ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԻՆԱԿՈՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԻ ՄԱՍԻՆ

7 հունիսի 1918 թ.
Երևան

Երևանի հայոց Ազգ. Խորհուրդը երէկ հետևեալ հայտարարութիւնն ըրաւ․-

Ամենքիդ յայտնի են հաշտւթեան դաշնագրի հիմքերը: Սակայն իմացէք, որ այդ հիմքերը դեռ պիտի վերաքննուեն ու հաստատուեն Կ. Պօլսում, որտեղ պիտի ճիգ թափենք, ամէն կերպ աշխատենք, որ մեր հայրենիքի Թուրքիային անցած մասերը փրկենք թշնամուց: Մեր գործը դեռ վերջացած չէ և հայ ժողովրդի զինական ուժն ու ռազմական պատրաստութիւնն ամենամեծ գրաւականն են, մեր ապագայ յաջողութիւնների:

Մենք պիտի ամուր պահպանենք մեր ճակատները և պատրաստ լինենք ամէն մի անակնկալի առաջ: Ամենից շատ կարիք է զգացւում ուժեղացնելու Դիլիջանի ֆրօնտը:

Բոլոր զէնքի ընդունակները, որոնք ցանկութիւն ունեն բուռն եռանդով դիմադրելու թշնամուն՝ թող այսօրվանից ներկայանան իրենց հրացաններով, փամփուշտներով, հագուստով և 5-10 օրուայ հացի պաշարով՝ Կարմիր Գւարդիայի գրասենեակ (Աստաֆեան փողոց, Դաշնակցութեան տուն) ցուցակագրելու և անմիջապէս դէպի Դիլիջանի ճակատամարտը մեկնելու:

Ցուցակագրութիւնը սկսւում է այսօր, յունիս 7-ին, առաւօտեան ժամը 12-ին:

Յունիս 5-ին քաղաքիս և Քանաքեռիս մէջ տեղի ունեցաւ ճակատի զինւորներու օգտին «Նուէրներու օր», որ կազմակերպած էին զանազան ընկերութիւններու և միութիւններու վարչութիւններ: Առջի օր, հաւաքուած նուէրները տարուեցան և բաժանուեցան ճակատի զինուորներուն:

«Աշխատանք», 8 հունիսի (26 մայիսի) 1918 թ.:

N 287

Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26 հունիսի 1918 թ.
Երևան

Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդին

Հակառակ մեր թափած բոլոր ջանքերին, մենք չկարողացանք կապ հաստատել ձեզ հետ ե ձեզնից հրահանգ ստանալ այս կամ այն հարցի առթիւ: