առանձնապէս: Կովկասում երկու ուժեր աչքի առաջ ունենք, վերադառնալիս նրանց պէտք է վերցնենք հետներս:
Չոփուրեան.-Ես ուզում էի գիտնալ, թէ Կովկասից ղրկուած տղաները ի՞նչ դեր են ստանձնում այնտեղ, արդեօք նրանք հեշտութեամբ տեղ գտնու՞մ են Կենտրոնական Կոմիտէի կազմի մեջ:
Արամ.-Արևելեան կամ Արևմտեան Բիւրոների կողմից ուղարկուած և յանձնարարուած ընկերները ընտրւում են ընդհանրապէս Կենտրոնական Կոմիտէի անդամներ:
Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 277:
N14
ԱՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ Հ. Հ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ՝ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանաձև 1.- Կովկասեան յեղափոխական շարժումը, որոշ քաղաքական սոցիալ-տնտեսական պատճառներ ունեցող մի երևոյթ լինելով, ոչ մի ժողովուրդ չի կարող դուրս մնալ նրանից, մանաւանդ որ դա որևէ կուսակցութեան ստեղծած շարժում չէ. ամէնքը, ինչպէս և հայ ժողովուրդը, ուժեղ կերպով պիտի դիմաւորեն նրան, իբրև իրենց կեանքի մեջ բարեփոխութիւն մտցնող մի շարժում: (Մեծամասնութեան բանաձև)
Բանաձև 2.- Կովկասահայ յեղափոխութիւնը ունի իւր տնտեսական-քաղաքական պատճառները, այդ շարժումը անհրաժեշտօրէն յառաջ պիտի գար և եկաւ, առաջադրելով իրեն համար քաղաքական ու տնտեսական որոշ իդէալներ, ուստի և այսուհետև էլ ուժեղ կերպով առաջ պէտք է տանել այդ շարժումը, մինչև իր քաղաքական ու տնտեսական իդէալների իրագործումը։
(Սա փոքրամասնութեան բանաձևն է, ուրիշ խմբագրութեամբ):
Իսկ այդ շարժման և ընդհանուր ռուսական յեղափոխական շարժման մէջ եղող կապի համար, բոլորի կողմից ընդունուեցաւ հետևեալ բանաձևը.- Ի նկատի ունենալով, որ ռուսական յեղափոխական շարժումների բուն պատճառները թագնուած են բիւրոկրատիկ կառավարութեան ռէժիմի մեջ և որ միայն այդ ռէժիմի տապալումով է, որ համեմատօրէն ազատ շունչ պիտի քաշեն բոլոր ճնշուած տարրերը, ուստի անհրաժեշտօրեն պէտք է միանալ ռուս բոլոր յեղափոխական տարրերի հետ, ընդհանուր ուժով տապալելու բոլոր չարիքների արմատ՝ միապետական բիւրոկրատիկ կառավարութիւնը, մանաւանդ եթէ այդ բռնակալական ռէժիմի անկումով մահացու հարուած կը տրուի ասիական բռնապետութիւններին: