Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/298

Այս էջը հաստատված է
ՀԱԱ, Ֆ.201, ց.1, գ.9, թ.1 պատճեն, մեքենագիր:

N 300

ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՅԱՊՈՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՐԱՄ ՄԱՆՈԻԿՅԱՆԻՆ՝ ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ, ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳԱՎԱՌՆԵՐԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

31 հուլիսի 1918 թ.
Ս. Խաչ վանք

Սիրելի Արամ,
Յուլիս 25-ն թւակիր նամակդ ստացել եմ, հաւանօրէն հենց նոյն օրը կամ մի երկու օր յետոյ ստացած պիտի լինէք սպայ Անուշաւան Ազատեանի ձեռքով ուղարկած իմ նամակները, ուրեմն և ծանօթացած մեր շրջանի անցուդարձին: Դու գրում ես, որ իբր թէ հարիւր, հազար անգամ գրել էք սահմանների մասին և հրահանգել էք մեզ կանգնել մեր սահմանների վրայ և լոյալութիւն պահել. դուք մեր անտեղեակութեան և անհասկացողութեան վրայ էք զարմանում, իսկ մենք զարմանում ենք, որ դուք հազարաւոր անգամ գրում էք սահմանների մասին, բայց ամեն անգամ էլ միայն նոյնը կրկնում: Նախքան Զնջըրլուի դէպքերը այդ մասին ոչինչ չգիտէինք, մենք համոզւած էինք, որ հաշտութիւնը խախտւած է, այդ դէպքերից անմիջապէս յետոյ իմացանք, որ Ձեր սահմանը մինչև Արփա գիւղն է հասնում, իսկ այնուհետև՞, մի՞թէ Արփայից դէնը սահման գծելու պէտք չունիք: Եթէ Դուք պէտք չէք զգում, մեզ համար խիստ կենսական է այդ հարցը, որովհետև Արփաչայ գետի միւս կողմում կան 14-15 հայ գիւղեր, որոնք խարխափում են տարտամութեան մէջ: Որպէսզի յանկարծակիի չգան այդ գիւղի բնակիչները, ես կարգադրել եմ, որ հարստութիւնը, տնային իրերը, նաև ցորենը անմիջապէս անց կացնեն գետի այս կողմ, անակնկալների դէպքում գիւղից հեշտ դուրս գալու համար: Այդ մասին անհրաժեշտ է շտապողաբար Ձեր հրահանգը: Ինչպէ՞ս անել, արդեօք այժմւանից հրաման տանք, որ տեղափոխւեն, թէ ոչ: Եթե այդ կողմի սահմանը որոշ է, խնդրեմ ասէք, իսկ եթե դեռևս վիճելի է, այդ ևս գրէք: Ձեզ արդէն յայտնի է, որ Ղոզըլջա և Հորս թրքական աւազակաբները ցրւել ու բնակեցրել եմ Ղարախաչի կողմի գաղթականութեամբ: Ղոզըլջան իրենց աւազակաբարոյ վարք ու բարքով յայտնի էին, այս այն գիւղն է, որ ամբողջ 7-8 ամիս կտրել է Դարալագեազը Ղարախաչի հասարակութիւնից: Քանի-քանի անգամ այդ ճանապարհին սպանութիւններ և թալաններ է կատարւել. Ռինդ, Ելփին, Այնազուր էլ տաւար ու ոչխար չմնաց, բոլորը քշեցին տարան: Քանի-քանի անգամ գրաւոր և բանաւոր դիմումներ եմ արել գիւղի աղսախկալներին, որ դադարեցնեն իրենց աւազակային ընթացքը և վերադարձնեն հայ գիւղերից տարած տաւար և ոչխարը, սակայն միշտ էլ նրանք ձգձգել ու չեն տւել: Ղարախաչի շրջանում սկսւած վերջին կռիւների ժամանակ նրանք ակտիւ մասնակցութիւն են ունեցել՝ յարձակւելով