Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/30

Այս էջը հաստատված է

... Նկատուեցաւ, որ մենք ընդունել ենք սոցիալիստական այն աշխարհահայեացքը, որի համաձայն` յեղափոխական տարր է ընդունւում և՛ պրոլետարը, և՛ գիւղացիութիւնը, և՛ քաղաքի մանր արհեստաւորութիւնը. և հետևաբար մենք կարող ենք դաշնակցել յեղափոխական այն կազմակերպութեան հետ՝ որ իւր քաղաքական ու տնտեսական դաւանանքով ամենից աւելի մօտիկ է մեզ:

... Ամէն յեղափոխական կուսակցութիւն ունենալով իւր քաղաքական-սոցիալական դաւանանքը և ձգտելով այդ դաւանանքի իրագործման, բնականաբար պիտի աշխատի հասարակական ամէն յառաջադէմ երևոյթի արձագանք տալ, իւր աշխարհահայեացքի կնիքը դնելով նրա վրայ՝ ի՛ր դաւանանքների իրագործման համար։

... Նկատուում է ընդհանրապէս, որ Դաշնակցութիւնը, ինչպէս Կովկասում, նոյնպէս և Տաճկաստանում, յենուել է միայն ու միայն աշխատաւոր ճնշուած դասակարգերի վրայ, կռիւ յայտարարելով շահագործող դասակարգերին և նրանց պաշտպան կառավարութեան դէմ: Իբրև աշխատաւոր դասակարգի կազմակերպութիւն, նա երկու վայրերում ևս ունի նոյն քաղաքական-տնտեսական իդէալները, ուրեմն և ներքին զօրեղ կապ գոյութիւն ունի երկու վայրերի գործունէութեանց միջև, տարբերութիւն կարող է լինել միայն տաքտիկի մէջ, որ ձևակերպւում է ըստ միջավայրի պայմանների, սակայն լոկ այդ տարբերութիւնը չի կարող արգելք դառնալ այդ ներքին զօրեղ կապակցութեան:

Արամ

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատոր, էջ 225:

N15

Հ. Հ. ԴԱՇՆԱԿՑՈԻԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԱԾ ՄԱԼՄԱՆԻ(ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱՂԵՇՑՅԱՆ) ՆԱՄԱԿԸ ԱՐԱՄԻՆ՝ ԻՐ ՁԱՅՆԸ ՆՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 մարտի 1907թ.

Սիրելի Արամ!

Ստացայ մարտի 21 նամակդ, բայց բաւականին ուշ. սրանից մի քանի օր առաջ էլի մի նամակ գրել եմ Մալումեանի հասցէով, անձնականիս վերաբերեալ: Չես գրում թէ մեր տեղեկագիրն ու Ռայոնական33 Ժողովի որոշումները կարդացե՞լ էք թէ ոչ և ի՞նչ տպաւորութիւն է թողել: Ինչ վերաբերում է իմ ձայնիս, պարզ է, որ ես չեմ կարող տալ այնպիսի մէկին, որի հետ հիմնական սկզբունքներում շփում չեմ ունեցել, այլ այնպիսի մէկին, որի հետ երկար խօսել, վիճել, և համաձայնութեան ենք եկել: Ըստ այդմ ես չեմ կարող օրինակ իմ ձայնը տալ Ամերիկայի որևէ պատգամաւորի. կը մնաք դու և Իշխանը, երկուքիցդ մէկը ներկայացրէք իմ ձայնը:34