Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/300

Այս էջը հաստատված է

տւած 3 ժամ ժամանակը լրանալուց յետոյ ոչ միայն զէնքերն բերին յանձնելու, այլև քաշւեցին իրենց դիրքերը և սկսեցին մեզ վրա կրակել: Ես չպատասխանեցի, որոշելով դիմել մի երկրորդ միջոցի, գիւղում մնացած մի կիսախաղաղասէր թուրքի՝ Ամրաստան անունով նորից ուղարկեցի, որ թուրքերին համոզեն ցած իջնելու, հաւատացնելով, որ զինաթափ եղած խաղաղ բնակչութեանը ձեռք տալու չենք: Թուրքերը իմ երկրորդ առաջարկին էլ հրացանային համազարկերով պատասխանեցին, երկու օր անդադար կրակ մաղեցին մեզ վրայ, որից յետոյ ստիպւած եղանք զէնքի դիմելու և ռմբակոծութեամբ լռեցնելու և գիւղի դիրքերէն հեռանալու: Այդ երկու գիւղերն էլ այժմ բնակեցրել եմ գաղթականներով: Ձեր գրաւոր կարգադրութեան համաձայն ես որոշել եմ գաւառը խաղաղացնելու, աւազակութիւններին, սպանութիւններին և թալաններին վերջ տալու նպատակով շարունակել մեր և Զանգեզուրի արանքում ընկած բոլոր գիւղերին զինաթափ անելու գործը: Դրանցից գլխաւորը և առաջինը Հերհերն է: Այս այն գիւղն է, որ դեռևս ձմեռը, երբ ամբողջ շրջանը խաղաղ ապրում էր, առաջինը եղաւ, որ խախտեց մեր բարի դրացիական յարաբերութիւնները, ջարդելով ու գիւղից տեղահան անելով հայ բնակչութիւնը, որը առանց մի չոփ անգամ վերցնելու աստանդական դարձան՝ մեծամեծ զոհեր տալով: Խլեցին և վերցրին բոլոր հայերի ստացւածքը, հարստութիւնը, բռնաբարեցին շատ կանանց, որոնցից մի քանիսը մինչև այժմ էլ չկան, իսկ մի երիտասարդ կին, որը վիրաւորւած լինելու պատճառով գիւղից փախչել չի կարողացել, մինչև այժմ էլ մնացել է թուրքերի մէջ. հաստատ լուր ունենք, հենց թուրքական աղբիւրներից, որ այդ կինը բժշկւել է, որից յետոյ որպէս նւէր ուղարկւել է Ջուլ՝ աղայի տղային: Մի քանի անգամ դիմումներ եմ արել գերի կնոջը բաց թողնելու մասին, սակայն միշտ էլ անպատասխան է մնացել և կամ տւել են խուսափողական պատասխան: Նոյն այս Հերհերի թրքութիւնն է, որ շարունակ մասնակցել է շրջանումս կատարւող աւազակային յարձակումներին, կտրելով դէպի Զանգեզուր տանող ճանապարհը, յարձակւելով այդ ճանապարհի վրայ, ինչպէս մասնաւոր ճանապարհորդների, այնպէս և անցնող էշելոնների վրայ: Հերհերցիների նախաձեռնութեամբ մի քանի անգամ կազմակերպւել է յարձակում Գնդևազ և Ղուշչիբիլակ գիւղերի վրայ և հենց ձմեռւանից չարիք են դարձած այդ երկու գիւղերի համար: Սրանք էին անցնող գաղթականութեան վրայ յարձակւողները, որի ժամանակ տարել են մեծ թալան, սպանել են շատ գաղթականների, բռնաբարել ու տարել են շատ կին ու աղջիկներ: Ձեր կարգադրութեան համաձայն այս ձևով շարունակելու եմ գործողութիւններս, եթէ որևէ սխալ կամ շեղում նկատում էք, խնդրում եմ օր առաջ յայտնէք, որ շտկենք: Բոլոր փորձերից եզրակացնել կարելի է, որ թրքութիւնր (մեր սահմաններում եղած) ոչ մի տեղ զինաթափ լինելու տենդենց չէ ցոյց տալիս, ընդհակառակը, ամեն տեղ զինւած դիմադրութիւն ենք գտնում, այդ պատճառով էլ շատ դէպքերում ստիպված եմ զէնքի ուժի դիմէլու: Շատ անհրաժեշտ է մեր երկրամասի