Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/327

Այս էջը հաստատված է

Այսու յայտարարում եմ Ձեզ ի գիտութիւն և յանյապաղ գործադրութիւն, որ Երևանի նախկին Ազգային Խորհրդի կողմից տրւած բոլոր արտակարգ լիազօրութիւնները, վկայականները, վաւերագրերը և այլ թղթերը թէ մասնաւոր և թէ պաշտօնատար անձանց անունով՝ պարենաւորման, ինքնապաշտպանութեան, վարչական, աւտօմօբիլային և այլ հարցերի մասին, այսօրուանից անվաւեր և դրանց մէջ նշանակւած լիազօրութիւնները ոչնչացած են համարւում և այսուհետև այդ անձնաւորութիւնները կարող են գործել օրէնքով իրենց վերապահւած իշխանութեան սահմաններում միայն:

Ներքին Գործոց մինիստր Արամ
ՀԱԱ, ֆ. 214. ց. 3, գ. 24, թ. 16 և շրջ., բնագիր, ձեռագիր․258

N 346

ՆԳՆ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔԵՐ ԳՐԱՎՈՂ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻՆ

18 սեպտեմբերի 1918 թ.

Զէնք և փամփուշտ գրաւելու նպատակով կատարւող խուզարկութիւնների ժամանակ հնարաւոր թիւրիմացութիւններից խուսափելու համար առաջարկում եմ խստիւ հետևել հետևեալ կանոններին.

1. Գրաւման ենթակայ են մագազինաւոր հրազէններ, հետևաբար գրաւումից զերծ են որսորդական և անմագազին սիստեմի զէնքերը.

2. Խուզարկութիւն կատարել միայն այն դէպքում, երբ ցուցմունքներ կամ հաւաստիացումներ կան՝ զէնք ու փամփուշտներ թագցրած լինելու մասին.

3. Խուզարկութիւնը կատարել կատարեալ կանոնաւորութեամբ, առանց միջադէպերի, ըստ որում պահանջում եմ անպայման քաղաքավարի վերաբերմունք ցոյց տալ ազգաբնակութեանը.

4. Իւրաքանչիւր բնակարան խուզարկութեան գնալիս՝ Յանձնախումբը պարտաւոր է բնակարանատիրոջ կամ տան փոխարինող անձին ներկայացնել իմ ստորագրութիւնը կրող գրաւոր լիազօրութիւնբ (օրդէր) խուզարկութիւն կատարելու մասին.

5. Արգելված զէնք կամ փամփուշտ երևան հանելու դէպքում Յանձնախումբը պարտաւոր է ամեն անգամ առանձին արձանագրութիւն կազմել յատկապէս այդ նպատակով հրաւիրւած երկու վկաների մասնակցութեամբ կատարւած խուզարկութեան հետևանքի մասին, ըստ որում այդ արձանագրութիւնները պէտք է ստորագրւած լինեն յանձնախմբի անդամների, բնակարանատիրոջ կամ դրան փոխարինող անձի և վկաների կողմից․