Իսկ դա հազիվ 1/5 - ն է իսկական կարիքի:
Բնական է, որ սոսկ պետական աղբյուրներով և այն, մեր երկրի տնտեսական և ֆինանսական անձուկ վիճակի արդի պայմաններում, մեր մանուկ կառավարությունից, որի առաջ բազմաթիվ հոգսերի և կարիքների կողքին ծառացած և գաղթականական ծանր գործը, ավելին պահանջել անկարելի է, եթե հասարակությունը վերջապես դուրս չպիտի գա իր անտարբեր հանդիսատեսի քարացած դերից:
Ժողովուրդների երջանկությունը պայմանավորվում է նրանց ինքնօգնության բնազդով և ստեղծագործող աշխատունակությամբ: Առավել ևս այդ հատկությունները պետք է հայտնաբերի մեր ժողովուրդը, որ ճակատագրական անագորույն հարվածների տակ մեկուսացած ամենքից, այսօր թողնված է իր բախտին, իր կամքին և իր ուժերին:
50․000 - ի հասնող որբերի մի ամբողջ սերունդ խնամելն ու դաստիարակելը այսօր մեզ համար ինքնօգնության լավագույն ակտերից մեկն է, որ պետք է կատարենք մեր բովանդակ ուժերը լարերով և մեր հոգու ամբողջ կորովը կյանքի կոչելով:
Թառամում է խոշորագույն մասը մեր մատաղ սերնդի, մեռնում է ապագան մեր հայրենիքի, որի համար ցեղի լավագույն մարդիկը պայքարեցին, տառապեցին և նահատակվեցին:
Մեծ է կարիքը, միջոցները սուղ, ժամանակը կարճ:
Կոչ եմ անում ամենքին, որոնց կրծքի տակ իսպառ չէ մեռել մարդասիրության զգացմունքը, որ դեռ չեն կորցրել ցեղի բնազդը, որ գիտակցում են սեփական շահը իրենց զավակների:
Օգնության եկեք ձեր կառավարությանը, փրկեցեք անկումից վաղվա հույսը մեր հայրենիքի, խնամոտ ձեռք կարկառեցեք մայթերի և ճանապարհների վրա մռմռացող անուժ որբերին, որոնց սովատանջ հայացքը աղերսում է թեկուզ փշրանք Ձեր սեղանների:
Մի թողնեք, Ձեր իսկ զավակների ապագայի սիրուն, որ Ձեր աչքերի առաջ այլասերման ենթարկվի այդ մեծ բազմությունը անօգնական մանուկների:
Որդեգրեցեք նրանց:
Ազատեցեք նրանց փողոցի թույնից և թող ամեն մի ընտանիք, որ ավելի կուշտ է ու բախտավոր, իր սրբազան պարտքը համարի վերցնել գոնե մեկը այդ թշվառ որբերից իր հարկի տակ, իր զավակի կողքին հաց տալու նրան, շունչ տալու նրան:
Թող կրկին ջերմանա սառած սիրտը մեր հասարակության, կրկին թող զարթնի ամենքի խիղճը, պարտքի գիտակցությունը և մենք փոխադարձ ջանքերով որբանոցներ հիմնելով, որբեր որդեգրելով, նրանց համար անկողին, հագուստ ու մթերք նվիրաբերելով - փրկենք խեղճ որբերին, որ հաց է աղերսում, պատսպարան է որոնում և մեր գուրգուրանքն է երազում:
Ձմեռ է գալիս, թշվառների համար իր սոսկումներով: