Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/390

Այս էջը հաստատված է

դեմ դուրս էին գալիս մինչև 1000 զինված մարդ, իսկ 50-100 զինված ամենափոքր տեղում իսկ կարելի էր հանդիպել:

Շնորհիվ այդպիսի զինվածության մարդիկ սովորական վեճերը լուծում են արյունով և սպանությամբ, օրինակ՝ Ախտայի շրջանում 1 գառան պատճառով ջարդվեցին 3 ընտանիք և դիակները հնար չկար թաղելու և պետք էր ֆրոնտից 1 բատալիոն զորք բերել՝ նրանց զսպելու համար:

Այդպիսի զինվածությունը ազգամիջյան բարդությունների պատճառ էր դառնում:

Նա մի մեծ ուժ և հող է՝ դասալիքներին և ավազակներին պաշտպանելու:

Նա պատճառ է մեր բանակի զենքերի առևտրի:

Մյուս կողմից մեր աղքատիկ պետությունը ոչ մի տեղից հույս չունի զենք ստանալու, այնինչ ժողովրդի մեջ եղածը մի անսպառ պաշար է՝ 60-ից մինչև 150 հազար հատ, որը դրսից բերելու համար միլիոններ պետք կլիներ ունենալ, որ մենք հնար չունենք նույնիսկ ֆինանսական տեսակետից:

Միևնույն ժամանակ այդ զենքը ժողովրդի մեջ մնալով՝ անխնամ դրության մեջ պիտի փչանա:

Ահա այս տեսակետներից զենքերի պետականացումը անհրաժեշտ է:

Գուցե թվում է, թե մեր երկրի այս անորոշ դրության ժամանակ անհրաժեշտ է համբերել ժողովրդի այս զինվածության, սակայն փորձը ցույց տվեց, որ այդ զինումը որևէ արժեք և օգնություն չունի բանակի համար, ընդհակառակը, խանգարում է նրան:

Որ թեկուզ լավ զինված ամբոխը, այնուամենայնիվ, ռազմական ուժ չի ներկայացնում, դրան ապացույց կարող է լինել հետևյալը:

20 օր առաջ Նոր Բայազետի շրջանի քրդերը հարձակվեցին և 10 գյուղերի ոչխարները փախցրին, որ միլիոնի արժեք ուներ, պետք է ենթադրել, որ քրդերի թիվը գուցե 300-ից ավելի չլիներ, այնինչ այդ 10 գյուղերում 8000 զինվածներ կային:

Ղամարլուի շրջանում 4000 զինված հայեր կային, որոնք շարունակ Երևանից էին օգնություն խնդրում և մեր 1000 հոգուց բաղկացած մի վաշտ ավելի արժեք ուներ:

Ժողովրդի զինաթափության հետ միաժամանակ պետք է երկրում կազմվի միլիցիայի ուժեղ կազմ և սահմանները լավ պաշտպանվեն զորքով արտաքին վտանգի դեմ:

Զենքը թաքցնողները պիտի ենթարկվեն 3 ամսվա բանտարկության կամ 3000ռ. տուգանքի, նայած մինիստրի հրամանի:

Այն հարցը, թե հնարավո՞ր է արդյոք կատարել զինաթափությունը, նա գտնում էր, որ պետք է դա անել մաս-մաս և գործի դնել կամք, հետևողականություն և անաչառություն: