Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/423

Այս էջը հաստատված է

ԱՐՇԱԼՈՒՅՍ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1917-ին Արարատեան Դաշտը (Երևանը յարակից գաւառներով) ծանր ու անորոշ վիճակ էր ապրում: Ռուսական զօրամասերը մեծ մասամբ հեռացել էին: Մեռնող ցարական կարգերից ժառանգութիւն մնացած հիմնարկութիւնները գրեթէ ի սպառ կորցրել էին իրենց նշանակութիւնը ժողովրդի աչքում: Եւ այդ՝ նոյնիսկ այն դէպքում, երբ հիմնարկութեան գլուխ կանգնած էր նոր, յեղափոխական մարդ:

Ժողովուրդը, մնալով ինքն իր գլխին, առողջ բնազդով թեքւում էր դէպի հարազատ հաստատութիւնները՝ դէպի Ազգային Խորհուրդները և յեղափոխական կոմիտէները: Վերջինները աշխատում էին ուժ տալ Ազգային Խորհուրդներին, իբրև ժողովրդի հաւաքական կեանքի ու կամքի արտայայտութեան և նրանց միջոցով էին գործ կատարում:

Երևանի Ազգային Խորհուրդը իրեն համարում էր շրջանի գերագոյն մարմինը, բայց ստեղծուած պայմաններում իր անելիքների մասին որոշ, յստակ գաղափար չունէր՝ քաղաքական հեռանկարների իմաստով:

Կար այն գիտակցութիւնը, որ ժամանակը բախտորոշ է, հայ ժողովրդի քաղաքական կեանքը ճակատագրական շրջան է անցնում, որ ապագան յղի է ամէն տեսակ անակնկալներով, որ ռուսը լքելով ճակատը, զարհուրելի վտանգի դուռ է բաց անում սահմանի այն կողմ նստած հայութեան համար:

Ունենալով հանդերձ այդ գիտակցութիւնը՝ Երևանի Ազգ. Խորհուրդը համապատասխան գործունէութիւն ցոյց չէր տալիս, որովհետև գաղափար չունէր, թէ ի՚նչ ողղութեամբ պիտի ընթանալ այդ գործունէութիւնը՝ միշտ ապագայի քաղաքական հեռանկարների տեսակէտով: Կային մարդիկ, կար գործ կատարելու տրամադրութիւն, բայց անորոշութիւնը մարդկանց կաշկանդում էր: Երևանը նայում էր Թիֆլիսին, իբրև կենտրոնի, ու այնտեղից սպասում տեղեկութիւններ և ուղղութիւն: Մինչդեռ Երևանը գրեթէ կտրուած էր աշխարհից և չգիտէր թէ ի՞նչ է կատարւում դուրսը:

Երևանը բնականաբար անորոշութեան մէջ ջղայնանում էր: Ծա՜նր օրեր էին...

Երբեմն, պատահականօրէն, Թիֆլիսից գալիս էին մարդիկ և զեկուցում ու տեղեկութիւններ տալիս Ազգային Խորհուրդում: Եկաւ նաև Դրօն: Սակայն, նրանց տեղեկութիւնները չափազանց անբաւարար էին և չէին կարող գծել Երևանի Ազգային Խորհուրդի անելիքների ուղին:

Դրօյից իմացանք, որ յատուկ լիազօրութիւններով Թիֆլսից Երևան է գալու Արամը: Անհամբեր սպասում էինք նրան:

Արամի հետ ծանօթացել էի ոչ սովորական պայմաններում: Մի քանի խօսք այդ մասին: