միջոցով, ի միջի այլոց, երկրագործական գործիքներ և լծկաններ, գլխաւորապէս գոմէշներ էին ուղարկւում Տաճկահայաստանի գրաւուած վայրերի համար: Իր պաշտօնի վրայ նայում էր կէս հեգնանքով և իրեն «գոմէշների վերակացու» էր անուանում:
Արամը Ղուրդուղուլիում երկար չմնաց: Նրան կանչեցին Թիֆլիս:
Այնուհետև նրան չտեսայ մինչև 1917-ի Դեկտեմբեր, երբ նա, իբրև Արևելահայ Հայոց Ազգային Խորհուրդի և Արևմտահայ Ապահովութեան Խորհրդի լիազօր ներկայացուցիչ, եկաւ Երևան: Այդպիսով, Արամը թերևս այն միակ մարդն էր, որ հաւասարապէս որպէս հեղինակութիւն էր ճանաչւում այդ երկու հատուածների կոդմից:
⁂
Արամը եկաւ Երևան 1917-ի Դեկտեմբեր 24-ին թէ 27-ին. լաւ չեմ յիշում: Նոյն օրն իսկ գնացի նրա մօտ: Ես արդէն զինուորական հագուստս փոխել էի: Արամի առաջին խօսքը դրան էր վերաբերում:
−Ուշացել ես, - ասաց նա՝ ձեռքս սեղմելով և ժպիտը դէմքին՝ ցոյց տալով զգեստս, - խնդրեմ վաղուանից նորից հագնես զինուորական հալաֆ:
Ակնարկում էր, որ գործ կար անելու:
Մի երկու ժամ յետոյ, միասին գնացինք Ազգային Խորհուրդ, որ այդ օրը հաւաքուել էր Գայանեան դպրոցի շէնքում՝ յատկապէս Արամին լսելու համար:
Արամը տուեց մեզ հետաքրքրող ու գրեթէ բոլոր հարցերը սպառող մի ընդարձակ զեկուցում, - Ռուսաստանի վիճակը, քաղաքական կացութիւնը: Անդրկովկասում, հայ-վրացական-ատրբէջանական յարաբերութիւնները, տաճիկների տրամադրութիւնները և այլն և, ի վերջոյ, մեր անելիքը:
Խօսքը ամփոփեց մօտաւորապէս այսպէս.
«Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո’չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապաւինենք միա’յն մեր ուժերին՝ թէ’ ճակատը պաշտպանելու և թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
Առաջին անգամ էի լսում Արամին զեկուցում տալիս (ճառերը լսել էի): Շատ շնորհալի զեկուցանող էր: Նրա զեկուցումների մէջ չկար ոչինչ աւելորդ: Խնդիրները գնում էր իրենց մերկութեամբ, լուսաբանում էր կարճ ու պարզ, երբեմն, կարիք եղած դէպքում, զեկուցումը ամփոփում էր երկու խօսքով և ապա տալիս եզրակացութիւններ: Ախտաճանաչութեան զարմանալի ընդունակութիւն ունէր: Դէպքերը արժէքաւորում էր ճշդութեամբ և այնուհետև գալիքը նախատեսում յատուկ կերպով: