ազիզ օրին թողնի տուն ու տեղ և շտապի զէնքի տակ, երբ ստիպողական, հարկադրական ոչինչ չկայ: Մինչդեռ ռուս կառավարութեան զօրակոչը գլուխ էր գալիս ահ ու սարսափի ազդեցութեան տակ: Այսօր Օշականից ինձ մի այսպիսի դէպք պատմեցին: Երբ Ազգային Խորհրդի կոչը հասնում է գիւղ, զինակոչի ենթակայ երիտասարդները պատրաստութիւններ են տեսնում Վաղարշապատ գալու՝ արձանագրուելու համար: Գիւղի ունևորներից մէկը, որ ամբողջ պատերազմի ընթացքում իր որդուն զանազան ապօրինի միջոցներով ազատել էր զինակոչից, Ազգային Խորհրդի կոչը կարդալով, կանչում է որդուն և ասում. «Բալա, էլ Աստուած իսկ ղաբուլ չի անի, որ պահուես: Պատրաստուիր և Աստուած հետդ, բարի ճանապարհ, ո՚չ ոքից յետ չմնաս»:
-«Ես մի բանից եմ վախենում,-շարունակեց Արամը,- վախենում եմ՝ մենք սևերես դուրս գանք մեր ժողովրդի առջև, չկարողանանք կազմակերպել գործը և կորցնենք նրա հաւատն ու վստահութիւնը...»:
Արամը, հարկաւ, գիտէր, որ բացառիկ ծանր պայմաններում էր ապրում հայ ժողովուրդը, որ թէ’ արտաքին և թէ’ ներքին պայմանները արտակարգօրէն աննպաստ էին: Իր խօսքի մէջ նա յիշեց Վարդանանց օրերը, համեմատեց հեռաւոր անցեալը ներկայի հետ և գտաւ, որ մեր պայմանները անհամեմատօրէն աւելի ձախորդ էին՝ թէ’ ներքին և թէ’ արտաքին տեսակէտով:
- * *
Յիշեցի արդէն, որ Արարատեան Դաշտի հայութիւնը հոգեկան տագնապալի վիճակ էր ապրում: Նրա աչքերի առջև քայքայում էր Անդրկովկասեան ռուսական ռազմաճակատը:
Այդ ճակատի առաջին գիծը սկսւում էր Սև ծովից ու շարունակւում մինչև Պարսկաստանի ներսը՝ իր թիկունքում տեղ-տեղ բաւական խոր, թողնելով Տրապիզոնը, Երզնկան, Մուշը, Բիթլիսը ու Պարսկական Ուրմիան:
Այդ հսակայան տարածութեան վրայ 1917-ի վերջերին կանգնած էր աւելի քան երկու հարիւր հազարանոց ռուսական բանակ՝ իր բոլոր մասերով: Ռուսական յեղափոխութիւնը, ընդհանրապէս և յատկապէս բոլշևիկեան յեղաշրջումը ցնցեց և ալեկոծեց այդ հարիւրաւոր հազարանոց բանակը՝ հիմնովին քայքայելով, բարոյալքելով ու խորտակելով այլևս թշնամուն դիմադրելու նրա կամքը: Եւ բանակը վերածուեց հօտի որի համար բոլոր հարցերը չքացել էին, բացի մէկից՝ ձգել ամէն ինչ ու վերադառնալ տուն:
Տարերային ուժի, հեղեղի պէս տեղի ունեցաւ այդ տեղատւութիւնը՝ ճակատից դէպի Ռուսաստան: Ռազմաճակատում ու նրա անմիջական թիկունքում ամբարուած անհաշիւ ռազմամթերքն ու պարենաւորման պաշարը մնացին անտէր ու յետագային թուրքին բաժին ընկան՝ նպաստելով նրա զինական յաջողութիւններին: