Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/433

Այս էջը հաստատված է

տրամադրէ Արամին՝ նրա ապրուստի համար: Մուսինեանը այդ առաջարկին պատասխանեց, որ Յատուկ Կոմիտէի դրամարկը բաց պէտք է համարել Արամի առջև: Նա կարող է առնել, որքան որ հարկաւոր է:

Այդ միտքը կարգասէր ու խիստ հաշուապահ, դրամական խնդիրներում այնքան բծախնդիր Մուսինեանի բերնում ինձ տարօրինակ չթուաց: Արամը նրա աչքին սովորական աշխատող չէր:

Սակայն, մեր ցանկութիւնները լոկ ցանկութիւններ էլ մնացին: Արամը կտրուկ կերպով հրաժարուեց որևէ ձևով որևէ դրամ առնելուց: Մինչև իր ընտանիքի Երևան տեղափոխուելը՝ նա ապրում էր Աբովեան և Դոկտորսկայա փողոցների անկիւնում մի հասարակ տան մէջ: Սենեակը իր երկու լուսամուտներով նայում էր Դոկտորսկայա փողոցի վրայ: Յարմարութիւնների տեսակէտից սենեակը ողորմելի էր: Մի անշուք մահճակալ, երկու հասարակ սեղան և մի երեք-չորս նոյնպէս հասարակ աթոռ,- ահա սենեակի կահաւորութիւնը: Մի անկիւնում հին արկղի վրայ յարմարեցուած էր թիթեղեայ վառարան, որը վառարան լինելուց աւելի մի պատիժ էր Արամի համար: Վառելիս՝ խողովակները յաճախ դուրս էին ընկնում իրար միջից, և սենեակը լցւում էր անտանելի ծխով: Եւ որովհետև Արամի աչքերը վատառողջ էին, ծուխը նրա համար կրկնակի տանջանք էր: Լուսամուտներն ու դուռը բաց էր անում ու նստում ցրտում:

Նոյն Դոկտորսկայա փողոցում ապրում էի ե՛ս ևս: Շատ յաճախ Արամի հետ աշխատանքից միասին էինք վերադառնում տուն: Եւ գրեթէ ամէն անգամ նա ինձ հրաւիրում եր ճաշի.-

«Գիտեմ եթիմ ես (ընտանիքս Երևանում չէր), գնանք միասին ճաշենք»:

Երբեմն գնում էի, ո՛չ ճաշի համար, այլ պարզապէս միասին լինելու: Նրա ճաշը հո ճաշ չէր:

Նոյն տան մէջ ապրում էր վանեցի ընտանիք, որ և՚ պատրաստում էր կերակուր: Ժամանակին չեմ հետաքրքրուել, բայց կարծում եմ, որ Արամի վանեցի բարեկամներն էին հոգում նրա ապրուստը: Եւ որովհետև ինքն էլ՝ գաղթական ու տնաւէր՝ զրկանքներով էին ապրում, Արամին էլ լաւ պահել չէին կարող: Պատահեցին դէպքեր, երբ եկանք ճաշի և տանը հաց չգտանք, այլ միայն ապուր: Ուղարկում էինք դէս ու դէն հացի:

Երբ վանեցի քոյրիկը ճնշուելով ու ամաչելով յայտնում էր, որ տանը հաց չկայ, Արամը, բարի ժպիտը դէմքին, հանդարտեցնում էր.

«Արշալոյսը օտար չէ, վնաս չունի»:

Միայն ընտանիքը Երևան տեղափոխուելուց յետոյ, Արամը սկսեց քիչ-շատ մարդավայել ապրել: Ունէր լաւ բնակարան և բաւարար սնունդ: Այդ բարեփոխութեան համար նա պարտական էր իր բժշկուհի կնոջ:

Եւ այդ մարդը, որ այնքան անուշադիր էր դէպի ինքը, որքան ուշադիր էր ուրիշների հանդէպ: Արամը հաստատութեան դրամարկղը չէր խնայում՝ աշխատողներին վարձատրելու և օգնելու համար: Քանիսներին էլ