Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/434

Այս էջը հաստատված է

օգնում էր այս կամ այն ձևով մէկի կամ միւսի միջոցով և յաճախ այնպէս, որ օգտուողը չէր իմանում թէ Արամի ուշադրութեանն էր պարտական:

Երբ Ազգային Խորհուրդի գործունէութիւնը վերջացաւ, ընտրուեց հաշուեյարդար մարմին, որ պիտի քննէր, կարգի բերէր ու փակէր Ազգ. Խորհուրդի և նրա գործադիր մարմինների (Յատուկ Կոմիտէի և Վարիչների Մարմնի) բոլոր հաշիւները: Այդ մարմինը իր տրամադրութեան տակ ունէր խոշոր գումար: Անդամներն էին՝ Յ. Մելիքեան, Մ. Մուսինեան և Ա. Աստուածատրեան: Յաճախ Արամից գրութիւններ էինք ստանում, որոնցից իմանում էինք, թէ այս կամ այն անձը ստանալիք ունի: Այդ մի ձև էր, որով Արամը օգնութեան էր հասնում նիւթական զրկանքներից տառապող ու տանջուող մարդկանց, որոնք ամէն ինչ կորցնելով՝ պահել էին իրենց պատուարժանութեան զգացմունքները հանդէպ հայրենիքի: Մենք հասկանում էինք Արամին ու հոգով նրա հետ էինք՝ գիտակցելով հանդերձ, որ նրա արածը մեր կարողութիւններից վեր էր: Երբ նա անհրաժեշտ էր համարում, արհամարհում էր սովորական կարգն ու ձևը և անում, ինչ որ նպատակայարմար էր համարում:

«Տարերային ուժ էր, որ ոտնահարում էր ամէն մի օրէնք՝ միշտ աչքի առաջ ունենալով մարդկային շահերը,- ինչ որ նրա մասին հետագայում Գ. Պետրոսեանը կ’ասէր, երբ արդարութեան նախարար էր Քաջազնունու դահլիճում:

  • *

Յատուկ Կոմիտէն Արամի գլխաւորութեամբ գերբնական ջանքեր էր թափում՝ Երևանի շրջանը խաղաղեցնելու և ռազմաճակատի օգնութիւն հասցնելու համար: Սակայն, շրջանում բոյն դրած դաւադիր ուժերը ամէն կերպ աշխատում էին ի դերև հանել այդ ջանքերը: Թուրք հակապետական շարժումները գնալով սաստկանում էին ու այլևս ո՚չ մի միջոցի դէմ կանգ չէին առնում՝ ջլատելու համար հանրային կեանքը: Հայերի գլուխը թուրքերը խառնում էին ոչ միայն այնտեղ, որտեղ աչքի ընկնող թիւ էին կազմում, այլևս այնտեղ, որտեղ թւով համեմատաբար ոչինչ բան էին, ինչպես օրինակ՝ Նոր Բայազիտի գաւառում: Նրանց յանդգնութիւնը անցնում էր ամէն չափ ու սահման:

Արամի և Յատուկ Կոմիտէի դժբախտութիւնը նրանում էր, որ անկախ ու ազատ չէին իրենց շարժուձևերի մէջ: Արամը գլխաւորում էր Յատուկ Կոմիտէն իբրև Թիֆլիսի ներկայացուցիչ: Նա պետական մարդ էր և իր գործերի մէջ պատասխանատու կենտրոնական իշխանութեան առջև՝ Հայոց Ազգային Խորհուրդի խողովակով,- մի հանգամանք, որ նրան կաշկանդում էր և հարկադրում լինել վերին աստիճանի շրջահայեաց, փափկանկատ անգամ այնտեղ, որտեղ մի հարուածով կարող էր լուծել կնճիռը, ինչպէս, օրինակ, Նոր Բայազիտի գաւառում և Երևանում: