Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/436

Այս էջը հաստատված է

որովհետև Աղհամզալուի մօտ զինուած թուրքերը կտրել են ճանապարհը և թոյլ չեն տուել առաջ գնալ: Աղհամզալուի մօտ կանգ էին առել նաև զօրամասերը, որոնք առաջ են շարժւում շտաբի հրամանով: Երէկ Երևանից Ղամարլուի ուղղութեամբ մեկնեցին զօրամասեր: Աղհամզալուի մօտ նրանց կանգնեցրել էին խճուղուց քիչ հեռու խրամատներ մտած թուրքերը: Այստեղ զօրամասերը բռնուեցին կռուի: Թուրքերը Ուլուխանլուից օգնութիւն ստացան: Զօրամասը շարժուեց առաջ և փախցրեց նրանց ու ստիպուած եղաւ իր գործողութիւնները ուղղել Ուլուխանլուի դէմ»:

Այս օրինակների թիւը կարելի է երկարել։ Բազմաթիւ էին նման դէպքերը:

«Թուրք հակապետական ու հակահայկական շարժումները ստացել էին տարերային բնոյթ: Ամէն տեղ կռիւ կար: Յարձակւում էին թուրքերն ու քրդերը, պաշտպանում է հայ զօրամասերն ու ինքնապաշտպանութեան խմբերը»:

Այս վերջինները կազմակերպուել էին Դրոյի նախաձեռնութեամբ՝ յատկապէս ժողովրդի ինքնապաշտպանութեան համար՝ հնարաւորութեան սահմաններում չեզոքացնելու նպատակով զօրքի միջամտութիւնը, զօրքի, որի միակ նպատակը ռազմաճակատ մեկնելն էր:

Թուրք խռովարարների սանձարձակութիւնները գնալով րնդարձակ չափեր էին առնում և գաւառից աստիճանաբար մօտենում էին քաղաքին՝ Երևանին: Ըմբոստութեան դրօշակ էր պարզում Զանգիբասարը, որը գտնւում էր Երևանի քթի տակ, մի քանի կիլոմետր քաղաքից: Ուլուխանլու երկաթուղու կայարանը գերեզմանատուն էր դարձել հայերի համար․ վագոններից հանում և անխնայ կոտորում էին: Բանը հասաւ այնտեղ, որ թուրքերը գլուխ բարձրացրին անգամ Երևանում:

Արամի համար ոչ մի դժուարութիւն չէր ներկայացնում այդ շարժումը խեղդել բնի մէջ՝ չարաչարօրէն պատժելով Երևանի թուրքերին: Բայց վերոյիշեալ պատճառաբանութեամբ նրա գլխով անգամ չանցաւ այդ բանը: Արամը տարուած էր միայն մի կամքով՝ ամէն գնով վերահաստատել քաղաքում խաղաղութիւնը, վերականգնել կարգը: Ու այդ նպատակով միւսների հետ միասին ինքն էլ իջաւ փողոց, մտաւ կրակի մէջ և․ կեանքը ստոյգ մահի ենթարկելով՝ իր կամքը պարտադրեց շրջապատին ու փրկեց քաղաքը վտանգից:

Այստեղ տեղին է յիշատակել մի պարագայ, որը անհերքելի վկայութիւն է այն մասին, որ մահմետականների հակահայկական շարժումները վարում էին թուրք բանակի գործակալները:

Քաղաքում կարգը վերականգնելուց անմիջապէս յետոյ, գումարուեց հայերի և թուրքերի ներկայացուցիչներից մի ժողով, որը զբաղուեց նահանգում ստեղծուած ծանր կացութեան հարցով ու հանեց մի շարք որոշումներ,- քաղաքը յայտարարել պատերազմական դրութեան մէջ, կազմել ռազմա-յեղափոխական դատարան, բանալ ճանապարհները՝ ապահովելու համար զօրամասերի մեկնումը ռազմաճակատ և այլն: