Արամը մի բովանդակալի խօսքով դեմեց ներկայացուցիչներին, յատկապէս մահմետականներին՝ կոչ անելով նրանց չխնայել իրենցից կախուածը, վերջ տալու համար նահանգում տիրող անիշխանութեան ու սարսափներին:
Ահա այս ժողովում Մահմետական Ազգային Խորհուրդի ներկայացուցիչները յայտարարեցին, որ իրենք անկարող են զսպել թուրքերին և խնդրում են հայ զինուոարական մարմնի աջակցութիւնը: Այդպիսով, թուրք բնակչութիւնը չէր ենթարկուած իր Ազգային Խորհրդին: Իսկ ո՞ւմ էր նա ենթարկւում, որի՞ համար հակապետական ու հակահայկական շարժումները, որոնք ձեռնտու էին միայն տաճիկ հրամանատարութեան նպատակներին: Պատասխանը պարզ է:
Այդպիսով, Երևանի նահանգում ստեղծուել էր մի անբնական, անհանդուրժելի դրութիւն: Շրջանի թուրքերը ո’չ ոքի չէին ուզում ենթարկուել՝ ոչ տեղական իշխանութեան, ոչ իրենց ազգային իշխանութեան, և սանձարձակօրէն ջլատում էին երկրի կեանքը:
Եւ գնալով թուրքերն աւելի ու աւելի յանդուգն էին դառնում՝ առ ոչինչ համարելով ոչ միայն տեղական իշխանութեան յորդորներն ու սպառնալիքները, ոչ միայն Թուրք Ազգային Խորհրդի իրենց ուղղած խաղաղասիրական կոչերը, այլև Թիֆլիսից ուղարկած Անդրկովկասեան Կոմիսարիատի յատուկ պատուիրակութեան պահանջները՝ վերջ տալու շահարկութիւններին ու հնազանդուելու իշխանութեան:
Այժմ բոլորի համար պարզ էր, որ ստեղծուած վիճակը անտանելի էր: Եթէ նրան վերջ չտրուէր, ոչ ռազմաճակատին կարելի էր օգնութեան հասնել ոչ էլ թիկունքում կարգ հաստատել,- մի բան, որին ձգտում էր թշնամին:
Եւ որովհետև բոլոր միջոցները սպառուած էին, ուստի Արամը, խորհրդակցելով զօրավար Սիլիկեանի և Դրոյի հետ, ապա խօսելով սրանց տրամադրութիւնների մասին Յատուկ Կոմիտէում, որոշեց դիմել կտրուկ միջոցների: (Այդ ժամանակ Արամն արդէն դիկտատոր էր ընտրուած, այդ մասին խօսք կը լինի վարը): Նախ՝ նա որոշեց պատժել Ուլուխանլու թրքական մեծ գիւղը, և պատժել այնպէս, որ այդ դասը նաև խրատ լինի բոլոր թուրքերի համար:
1918 Փետրուարի վերջերին Դրօն իր ուժերով պաշարեց Ուլուխանլուն: Նախքան զինուորական գործողութիւնների սկսելը, Արամի թելադրանքով առաջարկուեց թուրքերին վար դնել զէնքերն ու ենթարկուել իշխանութեան: Ի զուր: Այն ժամանակ Դրօն անցաւ գործի, խորտակեց թուրքերի դիմադրութիւնը և գիւղը մատնեց կրակի:
Ուլուխանլուցիների համար դա անսպասելի էր: Չարաչարօրէն պատժուելով՝ նրանք խելքի եկան, յայտնեցին հնազանդութիւն ու այնուհետև մինչև վերջ մնացին հաւատարիմ իշխանութեան: Այդպիսով բացուեց երկաթուղային հաղորդակցութիւնը Ալեքսանդրապոլի հետ. բացուեց և’ Ղամարլուի ճանապարհը: