Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/442

Այս էջը հաստատված է

առաջ բերող թրքական շրջանները, այդ շրջաններում հաշտարար պատուիրակութիւնը ընդունում էին լկտի յանդգնութեամբ և թշնամաբար:

Բերենք այդ կարգի մի երկու օրինակ:

Պէտք է խոստովանել, որ Երևանի թուրք Ազգային Խորհուրդը նոյնպէս ցանկալի չէր համարում գաւառի իր ցեղակիցների ու կրօնակիցների աւազակաբարոյ ելոյթները և միշտ էլ ընդառաջում կրօնակիցների աւազակաբարոյ ելոյթները և միշտ էլ ընդառաջում էր Հայոց Ազգային Խորհրդի առաջարկներին՝ խառն պատուիրակութիւն ուղարկել մահմետական ապստամբ շրջանները՝ խռովարարներին խաղաղեցնելու, ի կարգ հրաւիրելու նպատակով: Այդպիսի մի խառն պատուիրակութիւն ուղարկուեց Վեդի Բասարի շրջանը, որքան յիշում եմ, Ուլուխանլուի դէպքից առաջ: Այդ շրջանը ամենաանհանգիստ շրջաններից մէկն էր, թերևս ամենաանհանգիստը: Հայոց Ազգային Խորհրդից պատուիրակութեան անդամներ ընտրուեցին Յովհաննէս Մելիքեանը, որ Ազգային Խորհրդի ազդեցիկ անդամներից էր, և Սահակ Թորոսեանը, որ նահանգական կոմիսար էր, իսկ թուրքերի կողմից՝ ճարտարապետ Խալիլ բէյը և իրաւաբան Աղաբաբէն: Առաջինը Երևանի թուրքերի մէջ աչքի ընկնող հասարակական դէմք էր, խօսքի վարպետ և դէպքերին արդարութեան զգացումով մօտեցող:

Երբ պատգամաւորութիւնը՝ սպիտակ դրօշակ պարզած՝ մօտենում է ապստամբ թրքական գիւղերին, թուրքերը, հասկանալով թէ բանն ինչումն է, շրջապատում են եկողներին և տանում իրենց հրամանատարի մօտ:

Երբ պատգամաւորութիւնը վերադարձաւ Երևան, մանրամասնորէն զեկուցում տուեց Ազգային Խորհուրդում, իսկ Սահակ Թորոսեանը նաև Հ. Յ. Դաշնակցութեան Կենտրոնական Կոմիտէում: Այս վերջինը զարմանքով պնդում էր այն «ընդունելութեան» մասին, որ թուրքերի հրամանատարը ցոյց էր տուել դէպի յատկապես թուրք պատգամաւորները, մասնաւորապէս անողորմ էր եղել Խալիլ բէյի նկատմամբ:

Այս վերջինը, թուրքերին համարելով իր մադիկը, ինչպես նաև իրեն նրանց մարդը, մտերմական խօսքերով դիմում է նրանց, բացատրելով յեղափոխութեան նշանակութիւնը, նրա բերած բարիքները և բոլորի պարտականութիւը դէպի երկրի նոր իշխանութիւնը և յեղափոխութեան ստեղծած կարգերը և այլն: Թուրքերը նրա ճառը լսում են անտարբեր, մինչև իսկ արհամարհական ձևով: Խալիլ բէյը վերջացնում է իր խօսքը. առաջ է գալիս թուրք հրամանատարը և պատասխանում նրան: Այդ խօսքը, ուղղուած յատկապէս Խալիլ բէյին, սկսւում է նախատինքով ու նախատինքով էլ վերջանում: Խալիլ բէյին մեղադրույմ է, որ նա ուրացել է իր հաւատը, ծախուած-կաշառուած մարդ է, դաւաճան է և նրա խօսքը ոչ մի արժէք չունի, որ իրենք նրա հասարակական հանգամանքը ոչ մի բանի տեղ չեն դնում, նրան ոչ մի արժէք չեն տալիս: Խօսքը վերջանում է «նալլաթ»-ով ու թուքով:

«Հրամանատար»ի խօսքից յետոյ, թուրք «զինուորները», հետևելով իրենց «հրամանատար»ի օրինակին՝ թքում ու «նալլաթ» են ասում...