Հայ պատգամաւորների հանդէպ «հրամանատարը» իրեն մարդավարի է պահում և նրանց պահանջին՝ բաց անել ճանապարհները, վերջ տալ թշնամական գործողութիւններին և ազատ արձակել գերուած հայ զինուորներին վերադարձնել նրանց զէնքերը,-խոստանում է երեք օրից յետոյ պատասխանել։ Այդ պատասխանը, սակայն, երբէք էլ չստացուեց, իսկ գերիներն էլ սպանուեցին:
Նոյն նպատակով մի խառն հաշտարար պատուիրակութիւն էլ ուղարկուեց Շարուրի թուրքերի մօտ, որը ողբերգական վախճան ունեցաւ պատուիրակութեան հայ անդամ իրաւաբան Լևոն Մուշեղեանի համար: Տարաբախտ հասարակական գործիչը անձնասպան է լինում՝ թշնամաբար տրամադրուած-գազանացած, հաւանօրէն նախապատրաստուած, ամբոխի խոշտանգումներից ազատուելու մտահոգութեամբ: Հետագայում նրա դիակը բերուեց Երևան ու յանձնւեց ծնողներին:
***
Բաւական համարենք այդ վկայութիւնները, որոնք ցոյց են տալիս, թէ որպիսի պայմաններում էր ապրում Արարատեան Դաշտի հայութիւնը այն օրերին:
Այդ ամէնքին միանում էր և’ պարենաւորման տագնապը, որ սաստիկ անհանգստանում, ջղայնացնում էր Երևանի բնակիչներին: Սկսուել էր ծայր տալ մի անսովոր երևոյթ. փուռերի, խանութների առջև կազմւում էին «պոչեր», հերթի սպասողներ: Հացի, մսի, շաքարի, նաւթի և այլ մթերքների պակասը գնալով նեղում էր մարդկանց ու յուսահատութեան մատնում, որովհետև ապագայի հեռանկարներն էլ ոչինչ չէին խոստանում առօրեայ հոգսերով ապրող քաղաքացուն:
Ահա այդ օրերին էր, որ Արամին Երևանում ընտրեցին դիւկտատոր:
Այդ ընտրութեան պատմութիւնը ուշագրաւ է նրանով, որ բոլորովին նման չէր դիկտատորների ընտրութեան պատմութեան: Արամը ընտրուեց դիկտատոր ոչ միայն իր կամքից ու ցանկութիւնից անկախ, այլ նա հեռաւոր տեղեկութիւն իսկ չունէր այդ ընտրութեան մասին: Աւելին. տեղեկութիւն չունէին ոչ միայն ինքը՝ Արամը, այլև’ նրա կուսակցական մօտ ընկերները, ինչպէս նաև Հ. Յ. Դաշնակցութեան մարմինները:
Այդ ընտրութիւնը պէտք է բացատրել նրանով, որ նախապատրաստական որևէ աշխատանք ոևէ կողմից տեղի չէր ունեցել, ոևէ դաւադրութիւն Ազգային Խորհրդի կամ Յատուկ Կոմիտէի դէմ եղած չէր: Ընտրութիւնը կատարուել էր յանկարծակի, անսպասելի անդամ ընտրողների համար:
Մի բազմամարդ հասարակական ժողովում, ար ներկայ են լինում մարդիկ հասարակութեան բոլոր խաւերից և որը քննութեան է առնում Երևանի և ընդհանարապէս Արարատեան Դաշտի ու յարակից գաւառների համար ստեղծուած արտակարգօրէն ծանր կացութիւնը, արտասանւում են ճառեր զինուոարականների ու ոչ զինուորականների կողմից, և