մարդկանց մտքերն ու զգացմունքները լարւում են ծայր աստիճան: Դրութիւնը թւում է այնքան յուսահատական, որ ներկաների համար փրկութեան մի ելք է մնում, այն է՝ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացնել մի մարդու ձեռքը՝ տալով նրան արտակարգ լիազօրութիւններ և ամբողջովին ենթարկուել նրան:
Այդ մարդը Երևանում, ի հարկէ, Արամն էր:
Առանձնապես աչքի ընկնող դեր է կատարում քաղաքի պարետ Ա. Շահխաթունեանը (զինուորական):
Արամին դիկտատոր հռչակելու որոշումը հանելով՝ ժողովականները Շահխաթունեանի և միւսների առաջնորդութեամբ շարժւում են դէպի Արամի բնակարանը՝ յայտնելու համար նրան ժողովրդի կամքը: Երբ այդ բազմութիւնը մօտենում է Ցարսկայա փողոցին313, ուր ապրում էր Արամը, վերջինը իր բնակարանից դուրս գալով, գնում է Ազգային Խորհուրդ: Հեռուից նկատելով ամբոխը և նրա բորբորքուած տրամադրութիւնը՝ Արամը, իր պատմելով, վատ ենթադրութիւն է անում: Մի քանի օր առաջ նրա կարգադրութեամբ խփուել էր Չոլախ Գէորգը, սաստիկ հալածւում էին նրա աւազակային հակումներ ունեցող տղաները և ուրիշները, ինչպէս նաև այն բոլոր տարրերը, որոնք տրամադիր չէին ենթարկուելու Ազգային Խորհրդի անունից եկած կարգադրութիւններին: Արամը բնազդօրէն ստուգում է՝ թէ տե՞ղն է արդեօք իր ատրճանակը: Բայց կասկածը ցրւում է, երբ տեսնում է Շահխաթունեանին և միւսներին: Սակայն, շարունակում է տարակուսել, թէ ի՞նչ են ուզում այդ մարդիկ, ի՞նչ է պատահել քաղաքում, որ իրեն յայտնի չէր:
Բազմութիւնը երբ մօտենում է, նրա ներկայացուցիչները յայտնում են Արամին իրենց որոշումը և, «կեցցէ»ներով բարձրացնելով նրան ձեռքերի վրայ, տանում են Ազգային Խորհուրդ:
Ճաշից յետոյ, սովորական ժամին, գնացի Ազգային Խորհուրդ: Այն ժամանակ Ազգային Խորհուրդը և Յատուկ Կոմիտէն աշխատում էին Աբովեան փողոցի վրայ, Նազարեան և Բէյրութեան փողոցների միջև գտնուող միակ մեծ երկյարկանի տանը: Դեռ հեռուից զարմանքով նկատեցի Ազգային Խորհրդի շէնքի առջև խռնուած բազմութիւնը:
Մօտեցայ: Լսեցի, որ Արամը դիկտատոր է յայտարարուած և որ հէնց նոր են նրան ցոյցերով ներս տարել:
Ներս մտայ: Շրջապատուած մի խումբ մօտիկ և ոչ մօտիկ մարդկանցով՝ Արամը դուրս էր գալիս պատշգամբ, որտեղից խօսք ուղղեց փողոցում խռնուած հասարակութեան:
Նոյն օրը երեկոյեան հրաւիրուեց Ազգային Խորհրդի արտակարգ նիստ: Արամը մի քանի խօսքով պատմեց օրուայ անցուդարձի մասին: Յիշում եմ, որ նրա խօսքը ցաւի ու վշտի շեշտ ունէր: Օրուայ դէպքը նա բացատրում էր իբրև յուսալքուած, վհատուած հոգիների ապրումների տխուր արտայայտութիւն: Վատ նշան էր համարում, երբ մարդիկ այդ ձևով իրենց անճարութիւնն են խոստովանում և իրենց իրաւունքները