* * *
Ես լսել էի, որ Արամը առաջ դիւրաբորբոք ու ջղային մարդ էր եղել: Բայց Երևանում, թէև մթնոլորտը չափազանց ջղայնացնող էր և ժողովուրդը արտակարգօրէն լարուած վիճակ էր ապրում, այնուամենայնիւ Արամը իր առօրեայ հասարակական աշխատանքների մէջ միշտ հանգիստ էր և զուսպ: Նա զբաղուած էր առաւօտուանից մինչև երեկոյ, սաստիկ յոգնում էր, բայց ոչ ոք նրա բարկացկոտ ձայնը չէր լսում, ոչ ոք չէր գանգատում նրա վերաբերմունքից, որ ոք չէր տեսել նրա կոպտութիւնը ընղհանրապէս: Երևանի Ազգ. Խորհրդի իշխանութեան շրջանում ես յիշում եմ երեք դէպք, երբ Արամը իր սովորական պաղարիւնը կորցրեց: Մէկի՝ Չոլախ Գէորգի դէպքի մասին պատմեցի:
Երկրորդի պատմութիւնը այս է: Երևանում կային բաւականաչափ զինուորներ, որոնք այս կամ այն պատճառով հեռացել էին ճակատի զօրամասերից: Յատուկ Կոմիտէի կարգադրութեամբ դրանք բոլորը հաւաքւում և տեղաւորւում էին կազմակերպուող զօրամասերում, որոնք աստիճանաբար նորից ճակատ պիտի ուղարկուէին: Զինուորներից ոմանք գոհ չէին այդ բանից, տրամադիր չէին նորից ճակատ դառնալու և իրենց այդ տրամադրութեամբ դիտաւորեալ կերպով վարակում էին միւսներին: Կատարւում էր ինչ որ բոլշևիկեան խմորում:
Արամի կարգադրութեամբ այդ շարժումը խեդդուեց, պատասխանատուները պատժուեցին: Խստութիւնները այդ դասալիքների մէջ դժգոհութիւն առաջ բերին: Նրանք միացան քաղաքի մութ տարրերը: Եվ ահա մի երեկոյ այդ դժգոհ տարրերը ահագին աղմուկով հաւաքուեցին Ազգային Խորհրդի շենքի (հետագայում պարլամենտի) դիմաց այն ժամանակ, երբ Ազգ. Խորհուրդը նիստ ունէր, և, «պահանջներ» արին՝ սպառնալիքներ կարդալով:
Արամը, կռահելով թէ բանն ինչումն էր, սաստիկ զայրացաւ, թռաւ տեղից ու դուրս գնաց սենեակից դէպի ցած՝ բարձրաձայն պարսաւելով խռովարարներին: Մեծ դժուարութեամբ յաջողուեց նրան ուժով յետ բերել և թոյլ չտալ ցած իջնել: Իսկ ցուցարարներին ցրեց Ազգ. Խորհրդի պահակախումբը: Իր տեսակի մէջ այդ դէպքը առաջինն ու վերջինն էր:
Երրորդ դէպքը շատ աւելի լուրջ էր և Երևանի համար ծանր հետևանքներ կարող էր ունենալ, եթէ Արամը չլինէր: Տանք նաև այդ դէպքի պատմութիւնը:
Յատուկ Կոմիտէի նախագահութեան սենեակում նստած աշխատում էի, երբ սաստիկ յուզուած ներս ընկաւ Խաչիկը (Ստեփանեան Խաչիկ, Յ. Կոմիտէի գնահատելի աշխատողներից): Նրա տեսքն ինձ անհանգստացրեց: Մտածեցի, որ ինչ որ անախորժ դէպք էր պատահել:
-Ինչ է պատահել Խաչիկ,-հարցրի զարմացած:
-Շա՛տ վատ բան,- ասաց Խաչիկը, անկարող զսպել յուզումը ու շարունակել խօսքը: