Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/449

Այս էջը հաստատված է

-Նստիր, հանգստացիր,- առաջարկեցի մեղմ ու հանգիստ ձայնով, թէև կասկած չունէի, որ իրոք անախորժ բան էր պատահել, այլապէս Խաչիկն այդ աստիճան չէր յուզուի:

Երբ նա քիչ հանգսատացաւ, ասաց.

-Խօսք տուր, որ ինչ որ ինձանից լսես, կը մնայ մեր մէջ։ Փաշան (Արամը) պատուիրեց, որ պատահածի մասին ոչ ոքի չպատմեմ, բայց կը պայթիմ, եթէ գոնէ քեզ չպատմեմ: Շատ անհանգիստ եմ:

Բնական է, որ խօսք տուի։

«Այսօր Դրօն եկաւ գարաժ և ինքնաշարժ պահանջեց մի գործի համար, որը կապ չունէր Յատուկ Կոմիտէի հետ: Պատասխանեցի, որ առանց Յատուկ Կոմիտէի գրասենեակի կարգադրութեան՝ մասնաւոր պէտքերի համար իրաւունք չունեմ ինքնաշարժ տալու:

-Գիտես, որ Յատուկ կոմիտեն ինձ չի մերժի,- ջղայնացաւ նա:

Պատասխանեցի, որ դա Յ. Կոմիտէի գործն է, իսկ ես պարտաւոր եմ ենթարկուելու իմ ստացած հրահանգներին: Չայրացաւ. ապա խօսք խօսքի հասաւ. սաստիկ անպատուեց ինձ ու մի երկու թաթալոշ (ապտակ) հասցրեց: Հազիւ զսպելով ինձ՝ ձգեցի գարաժը ու շտապեցի Փաշայի (Արամի) մօտ ու վրդոված՝ բողոքով պատմեցի ամէն բան: Նոր էի վերջացրել խօսքս, երբ ներս մտաւ Դրօն և Փաշայի ներկայութեամբ սկսեց լափ թափել գլխիս, որ չեմ կատարել իր պահանջը և մերժել եմ ինքնաշարժ տալ: Եւ դա նա արեց այն համոզմամբ, որ Փաշան կը համաձայնի իր հետ և կը յանդիմանի ինձ: Բայց դուրս եկաւ հակառակը: Փաշան նրան ընդհատեց և հանդարտ ձևով սկսեց արդարացնել ինձ, իմ վարմունքը, բացատրելով որ նա՝ Դրօն պէտք է դիմէր Յ. Կոմիտէին, որը հնարաւորութեան դէպքում, ի հարկէ, չէր մերժի, որ նա՝ Դրօն որևէ պաշտօնեայի անպատուելու, առաւել ևս թակելու իրաւունք չունի՝ իր պահանջը չկատարելու համար, էլ ուր մնաց, երբ այդ պահանջը իրաւացի չէ և պաշտօնեան՝ Խաչիկը ոչ մի մեղք չունի:

Այստեղ Դրօն ընդհատեց փաշային ու գլուխը կորցրածի պէս անպատշաճ լեզուով յարձակուեց նրա վրայ... Ես ամօթից գետինն էի մտնում... Փաշան՝ խոժոռած դէմքով՝ լուռ լսում էր: Բայց երբ Դրօն սկսեց հեգնել նրա կատարած գործերը, ժողովուրդ կառավարելը և նման բաներ, Փաշան ջղայնոտ շարժումով վեր կացաւ տեղից ու ընդհատելով նրան՝ ասաց.

-Ահա թե ինչ... Շատ բարի, ես կը գնամ, դու մնա’ ու կառավարիր այս ժողովուրդը...

Եւ դուրս գնաց: Դառնութեամբ նայեցի Դրոյին և դուրս շտապեցի Փաշայի ետևից: Աստիճանների վրայ հասայ նրան: Ինձ նկատելով, մի պահ կանգ առաւ, նայեց ինձ ու ասաց.

-Գնա, գնա պաշտօնիդ, պատահածի մասին ոչ ոքի չասես:

Նա գնաց, ես եկայ քեզ մօտ»,- վերջացրեց խօսքը Խաչիկը կոտրուած սրտով: