Կոտրուեց նաև իմ սիրտը: Անգամ սովորական, բնականոն պայմաններում նման դէպքերը անախորժ են: Բայց այն ժամանակ (1918-ի սկիբը) առաւել ևս, երբ մենք բառի մերկ իմաստով ճակատագրական օրեր էինք ապրում ժողովրդի բոլոր խաւերի բացարձակ համերաշխութիւնը անհրաժեշտ պայման էր, Սարգիս Օհանջանեանին խօսքը կրկնած՝ «խորվիրապից» դուրս գալու համար: Եւ այդ համերաշխութիւնը Արամը սաեղծել էր՝ ժողովրդի պատասխանատու և աշխատունակ տարրերը կապելով ընդհանուր գործին՝ ժողովրդի փրկութեան գործին: Եւ ահա Դրոյի այդ վարմունքը, որ շատ ծանր հետևանքներ կարող էր ունենալ:
Ամէն բան կախուած էր Արամից: Իմ միտքը հրաժարւում էր Արամի գործից քաշուելու հանգամանքի հետ հաշտուել, որովհետև այն օրերին ոչ ոք կարող էր փոխարինել նրան...
Վրաս բռնեցի Խաչիկի մտահոգ հայեացքը:
-Ինձ մնում է կրկնել Արամի ասածը: Ինձ ասացիր, բայց ոչ ոքի այլևս չասես:
Խաչիկը գնաց իր գործին: Անդիմադրելի ցանկութիւն ունեցայ տեսնել Սարգիս Օհանջանեանին, որը Յատուկ Կոմիտէի գործավարն էր ու մեր հին ու հաւատաւոր ընկերներից: Ընդհանուր գրասենեակում չէր: Անցայ Արամի առանձնասենեակը, ուր քիչ առաջ տեղի էր ունեցել Խաչիկի պատմածը: Նստեցի ու սկսեցի նորից մտածել քիչ առաջ այդ սենեակում անցած դարձածի մասին: Ու նորից ինձ անհնարին թուաց, որ Արամը պիտի իրագործէր իր սպառնալիքը և ձգէր Երևանը: Բոլորիս հետ միասին Արամը չէր կարող չունենալ այն գիտակցութիւնը, որ իրեն Երևանում փոխարինող չկար, և որ Երևանը թողնելով՝ նա ոչ թէ Դրոյին պատժած կը լինէր, այլ դաւաճանած կը լինէր ազգային գործին: Ո’չ, Արամն անընդունակ էր նման բանի: Բայց, այնուամենայնիւ պատահածը և սրա կապակցութեամբ գալիքը չարչարում էին միտքս...
* * *
Կէսօրից յետոյ, ըստ սովորականի, գնացի Ազգ. Խորհուրդ: Յատուկ Կոմիտէի պատասխանատու պաշտօնեաները աշխատում էին նաև կէսօրից յետոյ: Գրասենեակում կային երկու-երեք հոգի: Բարևեցի և անցայ նախագահութեան առանձնասենեակը: Իմ ետևից ներս մտաւ գրասենեակի աշխատողներից մէկը և շատ խորհրդաւոր կերպով յայտնեց, որ լուր է տարածուել թէ Արամը թողնելու է քաղաքը և հեռանալու է։
-Դատարկ բան է,- պատասխանեցի հանգիստ ձևով ու զսպեցի մտահոգութեանս ճնշումը:
-Այսօր գրեթէ ամբողջ օրը չի Երևացել Ազգ. Խորհրդի շէնքում և պատմում են, որ տանը ոչ ոքի չի ընդունում:
-Շատ հաւանական է, թերևս վատ է զգում իրեն: Յամենայն դէպս, քաղաքը ձգելու լուրը հիմք չունի,- հանգստացրի պաշտօնեային: