գիտէինք, որ նա այժմ տանից դուրս չէր գալիս: Որոշուեց Կ. Կոմիտէի կողմից մարդ ուղարկել նրա մօտ, և լսել նրան:
Ես առաջարկեցի, որ Կ. Կոմիտէի կողմից գնացողը լինի Դրօն, որի կեցուածքը ժողովում՝ Արամի հարցի կապակցութեամբ՝ մտահոգիչ էր: Իմ առաջարկի նպատակն էր՝ պարզել Դրոյի դիրքը: Եթե համաձայնէր և գնար, լաւ. հակառակ պարագայում՝ պետք է բացատրէր չգնալու պատճառը: Ի մեծ զարմանս նաև ուրախութիւնս, Դրօն անվարան յանձն առաւ այդ պարտականութիւնը և անմիջապէս գնաց:
Կ. Կոմիտէն, մինչև Դրոյի վերադարձը, անցաւ օրակարգի միւս հարցերին: Իսկ ես մտածում էի Դրոյի վարմունքի մասին և մեծ յոյսեր էի կապում նրա առաքելութեան հետ: «Քանի որ նա այդպիսի պատրաստակամութեամբ յանձն առաւ գնալ Արամի մօտ, կը նշանակի թե գիտակցում է իր մեղքը և դրա հետևանքով ստեղծուած կացութիւնը, այդ իմաստով էլ խօսելու է Արամի հետ,- խնդիրը հարթելու միակ ճանապարհը», լաւատեսութեամբ մտածում էի ես:
Կարճ ժամանակից յետոյ, վերադարձաւ Դրօն և, առանց մանրամասնութիւնների մեջ մտնելու, յայտնեց, որ իր առաքելութիւնը անյաջող էր անցել: Մի հանգամանք, որ բոլորիս էլ զարմացրեց ու մտահոգեց: Կը նշանակէ թէ խնդիրը շատ աւելի լուրջ էր, քան ենթադրւում էր: Օրակարգի բոլոր հարցերը մոռացուեցին, մնաց միայն Արամի հարցը, որը թէև չլուծուեց, ամբողջ ժամանակ իր մասին խօսեցնել տուեց:
Ես չէի մասնակցում, քանի որ ինձ համար հարցը անծանօթ չէր: Ասացի, որ լռում էի որովհետև խօսք էի տուել այդ մասին ոչ ոքի չասել։ Գիտէր, որ այդ Արամի ցանկութիւնն էլ էր: Այնուամենայնիւ, մինչև Դրոյի Արամի մօտ գնալը, անյարմար էի զգում ինձ, պայքարի մէջ էի խղճիս հետ: Բայց Դրոյի անյաջողութիւնից յետոյ, ինձ համար պարզ էր, որ գիտեցածս յայտնելու դէպքում էլ խնդիրը չէր լուծուի, միայն աւելի ևս խճճուելու և վատանալու էին Դրոյի ու միւս ընկերների յարաբերութիւնները, ինչ որ այն պայմաններում անբաղձալի էր կատարելապէս: Բացի այդ. տեսնում էի, որ Դրօն էլ մտահոգուած է ստեղծուած կացութեամբ և անկեղծօրէն ցանկանում էր Արամի վերադարձը, որ ասել է հոգու խորքում զղջում էր և ցաւ էր զգում իր արածի համար: Եւ յետոյ, մտածում էի միւս օրը գնալ Արամի մօտ:
Ժողովը ցրուեց՝ առանց որոշ եզրակացութեան գալու:
* * *
Արամի տանը փակուելու և հրապարակում չերևալու երրորդ օրը նրա քաղաքից հեռանալու լուրը շատերի սեփականութիւնն էր դարձել և ընդհանուր իրարանցում առաջ բերել: Հասկանալի է, որ ամենից շատ մտահոգուած էին պատասխանատու մարմինները՝ Ազգ. Խորհուրդը, Յատուկ Կոմիտէն և քաղաքական կուսակցութիւնները: Բանը հասաւ այնտեղ, որ Ժողովրդական կուսակցութեան Կ. Կոմիտէում խօսք էր եղել