Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/453

Այս էջը հաստատված է

յատուկ պատգամաւորութիւն ուղարկել Արամի մոտ՝ խնդրելով, որ նա քաղաքը չթողնի և շարունակի իր գործը:

Սակայն, Արամը, մինչ այդ, «փէշի քարը թափելով», վերադարձաւ գործի: Եւ երբ նա երկու-երեք օր բացակայութիւնից յետոյ, երևաց Ազգային Խորհուրդի շէնքում, ինձ այնպէս թուաց, որ Արամի ներս մտնելով մի տեսակ արև ծագեց ու չքացան բոլոր ստուերները, որոնք շատ մութ էին: Կասկած չունիմ, որ Երևանի բոլոր գործիչներն էլ այս կամ այն չափով նոյն տպաւորութիւնն ու մտածումն ունեցան․ բոլորն էլ ազատ շունչ քաշեցին:

Տարօրինակ բան. այնուհետև մինչև վերջ այդ դեպքի մասին՝ ոչ մի խօսք եղաւ ոչ ոքի կողմից: Կարծես թե այդ դէպքը, որ կոշմարի ծանրութեամբ ճնշում էր մեզ, տեղի չէր ունեցել: Գլխաւորն այն էր, որ Արամը մեզ հետ էր, մնացածի մասին հարկ չկար մտածելու: Հաւանօրէն դեր էր կատարում Արամի կեցուածքը, որ թելադրում էր շրջապատին չխօսել այդ դէպքի մասին:

Արամի այդ կեցուածքով էլ պայմանաւորւում էր նրա վերաբերմունքը այնուհետև դէպի Դրօն: Այդպէս էր, ըստ երևոյթին նրանց համար, որոնք տեղեակ չէին նրանց միջև պատահած տխուր դէպքի պատմութեան:

Ինձ համար պարզ էր, որ նրանց յարաբերութիւնները այլևս այն չէին, ինչպէս որ էին մինչև այդ:

Դրօն, որ մինչ այդ յաճախ երևում էր Ազգային Խորհրդի շէնքում, ոտքը գրեթէ կտրեց, գալիս էր միայն Ազգային Խորհրդի նիստերիրն մասնակցելու, որոնք տեղի էին ունենում, սովորաբար, երեկոներ և ոչ յաճախ: Արամը թոյլ տուեց մի բան էլ, որ անտեղեակ ընկերներին զարմանք պատճառեց: Երբ ստեղծուեց Վարիչների Մարմինը, որ ուժեղացրած կազմով փոխարինելու էր Յատուկ Կոմիտէին և որի նախագահը և զինուորական վարիչը Արամն էր, նա ինքնապաշտպանութեան վարիչի պաշտօնը յանձնեց ոչ թե Դրոյին, որ ամենայարմար թեկնածուն էր, այլ մի ուրիշի՝ ինձ:

Ես յանձն առայ այդ ինձ համար խորթ պաշտոնը, որովհետև դա Արամի ցանկութիւնն էր («մի’ մտահոգուիր, օգնող կ’ունենաս» հանգստացնում, համոզում էր նա ինձ) և ապա՝ և գիտէի Արամի այդ քայլի պատճառը և իմ հոգու խորքում արդարացնում էի նրան: Եթէ Դրօն այդ մարմնի (որ օրուայ կառավարութիւնն էր) անդամ լինէր, ի՞նչ երաշխաւորութիւն կար որ նրա նիստերից մէկն ու մէկում որևէ պատճառաւ կրկին չէր կորցնի գլուխը և նորից չէր ստեղծի ծանր կացութիւն: Դրոյի ծանօթ վարմունքից յետոյ, Արամի վերաբերմունքը այս դէպքում պայմանաւորւում էր այդ մտահոգութեան թելադրանքով:

* * *

Ոչ-դաշնակցական Երևանը Արամին չէր ճանաչում: Նրա մասին, ի հարկէ, լսել էր, բայց միայն այդքան անձնական փորձով նրա հետ գործ