Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/455

Այս էջը հաստատված է

Զուբեանի (Երևանում աշխատող յայտնի Էս-Էր) նկատմամբ կոպիտ և վիրաւորական թուաց ինձ: Բայց ես Արամի այդ վարմունքը հասկցայ, երբ սկսեցի աշխատել նրա հետ միասին: Ես այժմ ոչ մի կասկած չունեմ, որ ինչ որ Արամն անում էր՝ անում էր հասարակական շահերի թելադրանքով: Անձնական միտումներից զուրկ էին նրա վարմունքներն ու վերաբերմունքները և այդ պատճառով նեղանալ, վիրաւորուել նրանից անվայել էր հասարակական գործիչի համար: Ես Արամին պատկերացնում եմ իբրև մի ոչ սովորական տարերային ուժ, որ հաստատուն քայլերով առաջ էր գնում՝ քաշելով իր յետևից իր շրջապատը: Ազգային Խորհրդի օրով նա յաճախ իր զարմանալի առողջ բնազդով արհամարհում էր մեր օրէնքներն ու կարգերը՝ յանուն մեր ժողովրդի շահերին: Սովորական մարդը այդպիսի բան չի կարող անել: Արամի այդ ուժը ես ամբողջ ժամանակ զգում էի, երբ նրա հետ աշխատում էի Քաջազնունու կառավարութեան մէջ: Քանի անգամ կառավարութեան նիստերում դիտելով ու լսելով Արամին՝ հիացած մտածում էի. «Այս մարդը թեմական դպրոց է աւարտել ու Տաճկաստանի խորքերում անցկացրել իր կեանքը»: Կառավարութեան անդամները բոլորն էլ կրթութեամբ Արամից բարձր էին, սակայն, նիստերում յաճախ իշխում էին նրա մտքերը: Արամը իր բնական խելքով մեր բոլորիցն էլ շատ շատ բարձր էր: Քաջազնունու կառավարութեան մէջ աչքի էր ընկնում և՚ Կարճիկեանը, բայց ոչ Արամի հետ համեմատած: Կարճիկեանի անունը յիշեցի, որովհետև Արամին ամենից լաւ նա էր հասկանամ և յաճախ Արամի մտքերը նրա բանաձևով էին անցնում»:

Գ. Պետրոսեանի յօդուածը յանձնեցի «Յառաջ»-ի խմբագրին: Չգիտեմ ինչո՚ւ, «Յառաջ»-ի խմբագրութիւնը իր մտադրութիւնը չիրագործեց, և Արամի յիշատակին խոստացած համարը լոյս չտեսաւ:

* * *

Մինչև Քաջազնունու Թիֆլիսում կազմած կառավարութեան Երևան գալը. Երևանում գործում էր Արամի նախագահութեամբ ու գլխաւորութեամբ կազմուած կառավարութիւնը՝ Վարիչների Մարմինը, որ ուժեղացրած կազմով փոխարինել էր Յատուկ Կոմիտէին: Նախագահը և զինուորական վարիչը Արամն էր: Նախ քան վերջին պաշտօնը յանձն առնելը, նա ցանկութիւն յայտնեց, որ այդ պաշտօնը տրուի մի հեղինակաւոր զինուորականի: Այդ ցանկութիւնը Արամը յայտնում էր նախ՝ որովհետև շատ էր ծանրաբեռնուած ու ֆիզիքապէս հնարաւոր չէր ամէն տեղ հասնել, և ապա՝ նախատեսում էր, որ զինուորական շրջանում (յատկապէս՝ սպայութեան վերին խաւերի մէջ) խօսք ու զրոյց էր լինելու և ոչ ցանկալի տրամադրութիւններ էին ստեղծուելու։

Արամին ընտրողները չյարգեցին նրա այդ առաջարկը՝ քաջ գիտակցելով, որ այն պայմաններում ոչ ոք կարող էր փոխարինել նրան ու կատարել նրա գործը: