կոմիտէն: Երեք-չորս ամսուայ ընթացքում Յ. Կոմիտէն կատարեց իր վրայ դրուած պարտականութիւնները, որքան որ թոյլ էին տալիս ժամանակի պայմանները: Նրա միջոցով՝ Արամի գլխաւորութեամբ՝ դրուեց մեր ազգային պետական կեանքի առաջին հիմնաքարը:
Յատուկ Կոմիտէն փոքրակազմ մարմին էր, որ նոյնպէս ժամանակի պահանջ էր: Նրա կորիզը, ինչպէս յիշուեց, կազմում էին երեք հոգի: Հայ Զինուորական Մարմինի ներկայացուցիչը և նահանգական կոմիսարը, որոնք իրենց պաշտօնի բերումով, Ազգային Խորհրդի որոշումով, նոյնպէս Յատուկ Կոմիտէի անդամներ էին, Յատուկ Կոմիտէի նիստերին, որ տեղի էին ունենում գրեթէ ամէն երեկոյ, կանոնաւոր կերպով մասնակցում էին սկզբնական շրջանում: Կարճ ժամանակից յետոյ նրանք ամբողջովին զբաղուած լինելով իրենց հաստատութիւնների գործերով՝ դադարեցին մասնակցել Յատուկ Կոմիտէին նիստերին, իսկ նրա առօրեայ աշխատանքներին երբէք չէին մասնակցում: Մնացած երեք հոգին այլևս ֆիզիքական հնարաւորութիւն չունէին ընդառաջելու ոչ սովորական արագութեամբ զարգացող երկրի պահանջներին:
Կենսական պահանջ էր Յատուկ Կոմիտէի վերակազմութիւնը: Այդ հարցը Արամը գրեց նախ Յատուկ Կոմիտէի և ապա Ազգային Խորհրդի առջև: Որոշուեց Յատուկ Կոմիտէի տեղ կեանքի կոչել ժամանակի ու երկրի պահանջներին համապատասխանող մի նոր մարմին: Այդ գործը, բնականօրէն, յանձնուեց Արամին, որ և Ազգային Խորհրդի հաւանութեամբ՝ կազմեց այդ նոր մարմնի անդամների ցանկը: Այդ մարմինը կոչուեց Վարիչների Մարմին:
Անդամներին էին՝ Նախագահ և զինուորական գործերի վարիչը՝ Արամ, ներքին գործերի վարիչը՝ Սահակ Թորոսեան, պարենաւորման վարիչը՝ Մկրտիչ Մուսինեան, ելևմտական վարիչը՝ Յովհաննէս Մելիքեան, ինքնապաշտպանութեան վարիչը՝ Արշալոյս Աստուածատրեան. ապա քիչ յետոյ Մարմնի կազմի մէջ մտան Բժ. Յ. Տէր Միքայէլեան (Օվի) և Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) նախկին քաղաքագլուխ Կամսարականը:
Վարիչների Մարմինը, փոխարինելով Յատուկ Կոմիտէին, մնաց իշխանութեան գլուխ մինչև Թիֆլիսում կազմուած Հայաստանի Ազգային Խորհրդի և կառավարութեան Երևան գալը:
* * *
Այն օրերին, երբ Վրաստանի և Ատրբէյջանի քաղաքական գործիչները պատրաստւում էին իրենց երկիրը անկախ հռչակել՝ այլևս աննպատակայարմար համարելով իրենց համար Անդրկովկասի Միութիւնը (Սէյմը), այն օրերին, երբ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը, լքուած հարևաններից, շուար ու յուսահատ վիճակ էր ապրում, ալևոր Մասիսի աչքի առջև, Արարատեան Դաշտում, Սարդարապատի տակ ու նրա շուրջը զարմանալի անցքեր էին տեղի ունենում: