Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/459

Այս էջը հաստատված է

Երևանի ու նրա շուրջը խմբուած հայութիւնը մահու ու կենաց պայքարի էր ելել իր դարաւոր ու նամարդ թշնամա դէմ, որը եկել ու բախում էր Վաղարշապատի դռները:

Ժողովուրդների կեանքում լինում են վայրկեաններ, որոնք խորքից ակօսում են նրանց հոգին ու անջնջելի կերպով տպաւորում հետագայ սերունդների յիշողութեան մէջ: Վայրկեաններ, երբ ժողովուրդը հանդէս է բերում բարոյական հոյակապ կորով, երկաթէ կամք, բազուկի անյաղթելի ոյժ:

Ամէն ժողովուրդ իր պատմութեան ընթացքում ունեցել է հերոսական դրուագնեեր, բայց կան հերոսութիւններ, որոնք հաւասար են հրաշքի:

Ըստ ամենայնի՝ բնական պէտք է համարուէր, եթէ Երևանի, Արարատեան Դաշտի հայութիւնը պարտուէր Սարդարապատի տակ. և ոչ մէկ լեզու հնարաւոր պիտի համարէր դատապարտութեան խօսք ասելու նրա մասին, որովհետև բոլոր պայմանները դասաւորուել էին յօգուտ տաճիկների և ի վնաս հայերի: Անգամ այսօր, տասնեակ տարիներ յետոյ, մարդ առանց ներքին դողի անկարող է յիշել նոյն օրերի յուսահատական պայմանները: Աշխարհից կտրուած, շրջապատուած անտուն ու անտեղ հարազատներով - գաղթականներով, պարենաւորման անմխիթար կացութիւն, հաղորդակցութեան ողբալի միջոցներ, ո՛չ մի տեղից ոչ մի մխիթարական, յուսատու ձայն, և դրա փոխարէն՝ զրկանքներ, հառաչանքներ, արտասունքներ, անվերջ վիշտ...

Հնարաւո՞ր էր մտածել յաղթութեան մասին: Երևանում ոչ ոք այդ մասին չէր մտածում: Անգամ լաւատեսների յոյսը ինքնապաշտպանութեան սահմաններից այն կողմ չէր անցնում: Շատերը այն օրերին պատրաստ էին մինչև մահ ճակատել թուրքի հետ ոչ այն յոյսով, որ արեան գնով հայրենիքը փրկուելու է, այլ այ գիտակցութեամբ, որ լաւ է մեռնել պայքարի մէջ յանուն ազատութեան, քան թէ ապրել թուրքի կրունկներին տակ: Իսկ ընդհանուր մտահոգութիւնը ինքնապաշտպանութիւնն էր՚ թոյլ չտալ, որ տաճիկը աւելի առաջանայ, մտնի Երևան ու ազատ մնացած հայկական շրջանները:

Զարմանալի էր Արամը այդ օրերին: Համատարած յուսալքումի այդ շրջանում նա մնաց միշտ յուսադրող, ոգևորող, հաւատ ու եռանդ ներշնչող: Ահաւոր տագնապի նախօրեակին Արարատեան Դաշտի ու յարակից գաւառների հայութիւնը չունէր իր մէջ թագնուած ուժերի գիտակցութիւնը: Սակայն հերոսութեան հուժկու ալիքը համակեց նրան, երբ սկսուեց ճակատագրական բախումը թշնամու հետ: Արամի մէջ այդ ուժը ճառագայթում էր սկզբից ևեթ: Նա շարունակ ոտքի վրայ էր: Հանգիստն ինչ է՝ մոռացել էր: Ռազմաճակատը նրա մտահոգութեան միակ առարկան էր:

Թէև ռազմաճակատի և թիկունքի միջև առանձին տարբերութիւն էլ չկար, բայց Արամի միտքը կլանուած էր առաջին գիծը ամուր ու անսասան պահելու հոգսով: Անընդհատ յարաբերութեան մէջ էր գլխաւոր շտաբի