Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/460

Այս էջը հաստատված է

հետ, որ նստած էր Վաղարշապատում: Արամը իր շնչով վարակում էր ամէնքին: Ո’չ ոք չէր խնայում հնարաւորը:

«Մէկ նշանաբան կ’իշխէր ամէնուրէք.- դէպի Սարդարապատ, ամէն ինչ ճակատի համար:

Ոգևորիչ զեկոյցներ սկսան հասնել շրջաններից, Էջմիածինն իր գիւղերով, Աշտարակ-Օշականն իր շրջաններով կը խուժէին դէպի Սարդարապատ...

Ժողովուրդը, թողած գարնան աշխատանքը, օժանդակ խումբերով կը դիմեր դէpի ճակատ, պարէն, մթերք, փամփուշտ գիւղացիութեան կողմէն, շալակաւորներով, բեռնասայլերով ու անասուններով կ’ուղարկէին իրենց վաշտերուն:

Ո՞վ կարող է մոռանալ Կոտայքէն իջնող հայ գիւղացիներու կամաւոր խումբը՝ առաջնորդութեամբ Թազա գիւղցի Զաքար քահանայի: Տրեխաւոր գիւղացիները, զինուած իրենց սեփական զէնքերով, տաս օրուայ պաշար սայլերին բարձած, մտան Երևան և անցան Սարդարապատ:

Ինչ ջերմ և սրտագին ճառեր և ողջոյններ տեղի ունեցան Ազգային Խորհրդի շէնքի առջև հայ գեղջուկ զինուորութեան այդ շարժումին առթիւ» (Հայկակ Կոսոյեան):

Երևան քաղաքը գաւառից յետ չէր մնում: Նա ևս իր ունեցածը տրամադրել էր Սարդարապատի անապատներում թշնամուն կուրծք տուող իր հերոսներին: Տներից կապոցներով ու ամաններով պաշար էր ուղարկում, բեռներով թարմ ջուր, որպէսզի հայ զինուորը որևէ պակասի հոգս չունենայ ու վստահ լինի, որ թիկունքը ամբողջովին իր հետ է:

Այդպիսով, թիկունք ու ճակատ հոգով ու մարմնով միացել էին իրար: Ստեղծուել էր հոգեբանական մի մթնոլորտ, ուր ամէն ինչ յիշեցնում էր պարտաճանաչութեան ու պատասխանատուութեան մասին:

Այդ մթնոլորտը գնալով թանձրանում էր: Մարդիկ բարոյապէս աճում, կերպարանափոխւում էին, ուղղակի անճանաչելի դառնում: Հայ զինուորը Մայիսի սկզբներին և այդ նոյն զինուորը Մայիսի վերջերին իրար հետ չհամեմատուող մեծութիւններ էին:

Ահա հոգեբանական այդ պայմաններն էին, որ ծնունդ տուին Սարդարապատի հրաշքին: Յուսահատութիւնը չքացաւ, մարտիկների հոգիները թևաւորեցին, միջակները մեծացան, մեծերը հերոսացան: Թիկունք ու ճակատ մի մարմին և մի կամք դարձած՝ դրսևորեցին իրենց հոգու բովանդակ կարողութիւնը: Ծառացան իրենց արեան ծարաւի դարաւոր թշնամու դէմ հեքիաթային հերոսութեամբ ու անհնարինը հնարաւոր դարձրին: Փոքրաթիւ հայ քաջերը Մայիսի 20-ից 26 ոչ թէ միայն կանգնեցրին թուով գերազանց տաճիկ բանակի յաղթական առաջխաղացումը, այլև՛ այդ թշնամուն անսպասելի քաջութեամբ շշմեցրին, ջարդեցին ու փախուստի մատնեցին:

Սարդարապատի տակ հայ զինոտրը մինչև վերջ էլ մնաց յաղթողի դերում: