մի բան, որի մասին նա այժմ կասկած չունէ, - ինքը տրամադիր էր շարժուելու Կարսի վրայ՝ մի կողմ թողնելով Ալեքսանդրապոլը:
Յաղթական բանակը իր բարձր տրամադրութեամբ ու յաղթելու կամքով վարակել էր ծերունի հրամանատարին այն աստիճան, որ նա մտածում էր մի հարուածով կոտրել թշնամու մէջքը իր տրամադրութեան տակ գտնուող փոքրաթիւ բանակով: Հայկական զօրքերի ընդհանուր թիւը հասնում էր տասը հազարի:
Բայց... զօրավար Սիլիկեանին վիճակուած չէր ստորագրելու այդ հրամանը: Ով գիտէ, ի՜նչ անակնկալներ էր բերելու հայ ժողովրդին նրա քաջարի բանակը, եթէ զօր. Նազարբէգեանի հրամանը զինադադարը կնքելու մասին մի քանի ժամ աւելի ուշ հասնէր զորավար Սիլիկեանին...
Հոգեբանական այդ վերելքի օրերին էր, որ եկան զինադադարի և հաշտութեան պայմանները: Որքա՜ն դաժան, որքա՛ն սարսափելի էին այդ պայմանները: Որպիսի՜ զայրոյթ ու ցասում առաջ բերին ամէն կողմից: Ճակատից հեռախօսագրերով խնդրում էին Ազգային Խորհրդին չհամաձայնել ու չընդունել թուրքերի պայմանները:
Սիլիկեանը, Նազարբէգեանի հրամանը ստանալուց յետոյ, բնականաբար ինքնագլուխ չէր կարող նոր յարձակման հրաման տալ: Խնդրի լուծումը նա ձգեց Երևանի Ազգային Խորհրդին: Սիլիկեանը պատրաստ էր կատարելու Ազգային Խորհրդի կամքը, եթէ վերջինը հրահանգէր նրան՝ չենթարկուել Նազարբէգեանին հրամանին և շարունակել պատերազմը: Ազգային Խորհուրդը, սակայն, այդ կամքը չունեցաւ: Նա շարունակ նիստեր էր գումարում, բայց - առաջին անգամ իր գոյութեան ընթացքում - մեծամասնութեամբ որևէ որոշման վրայ չէր կարողանում կանգ առնել:
Նազարբէգեանի հեռագիրը կաշկանդել էր Արամին: Նա ողբերգութիւն էր ապրում: Այստեղ ևս նրան խանգարում էր նրա պաշտօնական հանգամանքը: Նա ինքնագլուխ չէր, այլ ենթարկւում էր Թիֆլիսին, այսինքն՝ նրա համար էլ պարտադիր էր Նազարբէգեանի հրամանը զինադադար կնքելու մասին,- մի հրաման, որի բուն հեղինակը Անդրկովկասի կառավարութիւնն էր:
Ի՞նչ դրութիւն կը ստեղծուէր Թիֆլիսում Հայոց Ազգային Խորհրդի և Անդրկովկասի կառավարութեան հայ անդամների համար, եթէ Երևանը չենթարկուէր այդ կառավարութեան, ըմբոստանար և ինքնագլուխ քայլեր անէր:
Արամը շատ լաւ ծանօթ էր այն փոխյարաբերութիւններին, որ գոյութիւն ունէին Թիֆլիսում վրացիների, ատրբէյջանցիների և հայերի միջև: Գիտէր, որ հայերի համար իր հարևանների վերաբերմունքը, մեղմ արտայայտուած, բարեկամական չէր, և եթէ իր ընկերները Թիֆլիսում համաձայնել էին զինադադար կնքել թուրքերի հետ, կը նշանակի՝ պատճառներ ունեցել էին:
Բացի այդ, կար մի հանգամանք, որ չէր կարող չազդէլ Արամի վրայ: Ինչպէս տեսանք, Սարդարապատի ճակատում յաղթութիւնը ըստ ամենայնի