Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/463

Այս էջը հաստատված է

հայերի կողմն էր: Սակայն, միւս ճակատներում մերոնց դրութիւնը այնքան էլ փայլուն չէր. յատկապէս ծանր օրեր էր ապրում Ղարաքիլիսայի ճակատը: Այդ բանը գիտէր Արամը, և ահա թէ ինչպէ՜ս:

Սարդարապատի երանելի օրերին հեռագրատնից հաղորդեցին, որ Դիլիջանից Արամին խնդրում են հեռագրաթելի մօտ: Խնդրողը Սարգիս Մանասեանն էր, որ Ղարաքիլիսայի շրջանի զօրամասի կոմիսարն էր:

-Երևի տեղեկութիւններ է ուզում: Նեղութիւն քաշիր, Արշալոյս․ գնա. խօսիր ու հաղորդիր ինչ որ գիտես,- դիմեց ինձ Արամը:

Իմ և Ս. Մանասեանի միջև տեղի ունեցաւ այսպիսի մի խօսակցութիւն.-

Ս.Մ - Ո՞վ է խօսողը:

- Ա.Ա.-ն:

Ս.Մ. - Ես խնդրել էի Արամին: Նորից խնդրում եմ, ասացէք, որ կարևոր խօսակցութիւն ունեմ:

- Արամի յանձնարարութեամբ ի վիճակի եմ պատասխանելու ձեր հարցերին: Նա այժմ անկարող է կտրուել աշխատանքից և գալ հեռագրատուն:

Ս.Մ. - Ի՞նչ տեղեկութիւններ կան ճակատից:

- Դրութիւնը աւելի քան մխիթարական է: Ամբողջ գծի վրայ մերոնց յարձակումը պսակուել է մեծ յաջողութեամբ, թշնամին ամէնուրէք նահանջում է, մերոնք ոգևորուած են:

Ս.Մ. - Եղբայր, ես խնդրում եմ ճիշդ տեղեկութիւններ տալ: Երեխայ չեմ և ոգևորուելու կարիք չունեմ:

- Զարմանում եմ, որ չէք վստահում ասածներիս: Ասենք, մի քանի օր առաջ այս յաջողութիւնների մասին այստեղ էլ ոչ ոք չէր երազում: Բայց այժմ ես ձեզ տեղեկութիւն եմ տալիս կատարուած փաստի մասին: Այդ տեղեկութիւնները քաղուած են զօրավար Սիլիկեանի հեռախօսագրից: Հայ զինուորների տրամադրութիւնը անգերազանցելի է: Հրամանատարութիւնը մտածում է օգտագործել այդ տրամադրութիւնը և անընդհատ առաջ խաղալ: ժողովուրդի տրամադրութիւնն էլ շատ բարձր է, և նա ամենայն պատրաստակամութեամբ ընդառաջ է գնում իրենց արած պահանջներին:

Այնուհետև իմ հարց ու փորձին Մանասեանը ճնշուած տրամադրութեամբ ու մռայլ գոյներով նկարագրեց կացութիւնը Ղարաքիլիսայի և Դիլիջանի շրջանում: Տաճիկները, մեծ թուով օգնական ուժ ստանալով, վերագրաւել էին երեք-չորս օրուայ կատաղի կռիւներում իրենց կորցրած դիրքերը և թարմ ուժերով սպառնում էին անօգնական ու յօգնած հայ ուժերին:

Ծանր տպաւորութեամբ վերադարձայ Ազգային Խորհուրդ և պատմեցի Արամին Մանասեանի հետ ունեցածս խօսակցութիւնը:

Այդ ամէնի հետ Արամը չէր կարող հաշուի չնստել։ Լուռ ու մռայլ, անտեղյակ դրսի աշխարհի անցուդարձի, նա անհամբեր սպասում էր զօր․