Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/464

Այս էջը հաստատված է

Նազարբէգեանին ու գրեթէ չէր մասնակցում (առաջին անգամ լինելով) Ազգային Խորհուրդի նիստերին: Իսկ Ազգային Խորհուրդը ալեկոծւում էր, բայց մի ընդհանուր լեզու չէր կարողանում գտնել։

Դաշնակցութեան ներկայացուցիչները Ազգային Խորհրդում պահանջում էին չեղեալ համարել զօր. Նազարբէգեանի հրամանը, ընդհանուր հրամանատար նշանակել զօր. Սիլիկիեանին և պատերազմը շարունակել: Այդ առաջարկը յենւում էր ժողովրդի տրամադրութեան վրայ: Հաշտութեան պայմանների դէմ էին թէ զէնքի տակ գտնուողները ու թշնամի հարուածող զինուորները, և թէ՜ թիկունքի բնակչութիւնը:

Ղամարլուի շրջանը, Արարատեան Դաշտի սիրտը, բազմաթիւ ներկայացուցիչներ էր ուղարկել Երևան Ազգային Խորհրդին յայտնելու, որ նրա տրամադրութեան տակ է դնում իր շրջանի զէնքի ընդունակ բոլոր մարդկանց և շրջանի հարստութիւնը ու խնդրում՝ չընդունել զինադադարի պայմանները ու շարունակել պատերազմը: Նոյն պահանջները թակում էին Հ.Յ. Դաշնակցութեան Կենտրոնական Կոմիտէի դուռը:

Իբրև բողոք հաշտութեան պայմանների դէմ, Ղամարլուի շրջանը Երևան էր ուղարկել նաև բազմաթիվ կանանց, որոնք տղամարդկանց հետ միասին կանոնաւոր շարքերով անցնում էին Ազգային Խորհրդի շէնքի առջևից ու յուզումի մատնում դիտողներին՝ իրենց կեցուածքով զինադադարի պայմանների դէմ ու պատերազմը շարունակելու անսասան կամքով: Անհնարին էր անտարբեր մնալ...

Սակայն, Ազգային Խորհուրդը չընդառաջեց իր դաշնակցական անդամների առաջարկին, և զօր. Սիլիկեանը հարկադրաբար ենթարկուեց զօր. Նազարբէգեանին ու կատարեց հրամանը:

Երբ բանը վերջացաւ նրանով, որ տաճիկները հաստատուեցին վեցեօթ կիլոմետրի վրայ Երևանից, քաղաքացիների համար սկսուեցին մղձաւանջային օրեր: Ո՞վ է կարծում այսօր, որ եթէ Գերմանիա չպարտուէր, կամ մի քիչ աւելի երկար դիմանար, տաճիկները չէին մտնելու Երևան: Սարդարապատից յետոյ, նրանց խանգարեց Բագուն իր հերոսամարտով. իսկ Բագուից յետոյ՝ Գերմանիայի պարտութիւնը: Բայց Երևանը ոչինչ գիտէր, ո՛չ Բագուի, ոչ Գերմանիայի մասին և չէր կասկածում, որ թուրքերը մտնելու էին Երևան: Անել, դժոխային կացութիւն էր ստեղծուել, և զարմանալի էր, որ բոլորի ջղերն էլ ծայրայեղօրէն լարուած էին...

Ազգային Խորհրդի անդամներից մի քանիսի մէջ միտք էր ծագել հեռացնել Արամին քաղաքից՝ անակնկալի դէպքում փրկած լինելու համար նրա կեանքը: Նրանք մտածում էին, որ Երևանից յետոյ ազատուող ժողովուրդը, եթէ գլուխ ունենար, կը կազմակերպէր իր ինքնապաշտպանութիւնը և երկար կը դիմանար, հակառակ պարագայում հեշտութեամբ կը կորչէր, կը փչանար: Իսկ քաղաքի համար, քանի նա կանգուն էր, Արամը կարող էր աշխատել դրսից: