Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/467

Այս էջը հաստատված է

1918-1919-ին, այսինքն՝ Հանրապետութեան ստեղծման և կազմակերպման առաջին տարին, երկիրը ինչպէս կը յիշուի, անօրինակ ծանր վիճակ էր ապրում: Փոքրիկ Հայաստանը լեփ լեցուն էր գաղթական բազմութիւններով, իսկ եղած միջոցները բաւական չէին տեղացիների կենսական պահանջները բաւարարութիւն տալու համար: Առանց չափազանցութեան կարելի է ասել, որ համատարած սով էր իշխում այդ ժամանակ մեր նորաստեղծ պետութեան մէջ, պարզելով զարհուրելի տեսարաններ:

Առնենք նրա մայրաքաղաք Երևանը: Փողոցներում, շուկայում, այգիներում մարդիկ գալարւում էին քաղցից, օրն ի բուն լսւում էին հառաչանքներ, տնքոց-նըւոցներ: Աբանոցներում կմախքացած երեխաներ ուտելու բան էին փնտռում՝ թաթիկներով կեղտերը փորելով: Անցնում էիր փողոցով, գործի գնալու ժամանակ, և տեսնում էիր, որ մայթի վրայ պատի տակ կուչ եկած, ցնցոտիներով ծածկուած կին ու երեխայ՝ ցրտից սրսրթում էին ու նւում. ձեռք չէին պարզում, ոչինչ չէին ուզում, աչքերիդ առաջ մաս-մաս մեռնում էին սովից, այլևս անտարբեր դէպի իրենց ճակատագիրը...

Այժմ իսկ, տասնեակ տարիներ յետոյ, առանց յուզում ու արտասուքի անհնար է վերյիշել այն սարսափները, իսկ այն օրերին այլևս արտասուք չէր մնացել մեր աչքերում... Ասում են՝ մարդ ամէն բանի վարժւում է: Վարժուել էինք և՜ մենք... Կան բաներ, որոնց հետ անհնար է հաշտուել: Սակայն, ուժեղ էր այն գիտակցութիւնը, որ ճակատագրի բերմամբ հնարաւորութիւն ունեցողները պէտք է ապրէին ու աշխատէին, որպէսզի վերջ ունենային մայրաքաղաքի փողոցներում և ամբողջ երկրում իշխող սարսափները: «Մեռնողը կը մեռնէր, իսկ ապրողը մեռելի կողքին ապրելու ձևեր ու պայմանները կը մշակէր» (Ռուբէն)՝ երկրի և ժողովրդի վիճակը բարեփոխելու մտահոգութեամբ:

Երևանի քաղաքային ինքնավարութիւնը այդ օրերին ամէն կերպ աշխատում էր նաև գաղթականներին և որբերին օգնութեան հասնել, որքան որ թոյլ էին տալիս իր միջոցներն ու հնարաւորութիւնները, որոնք շատ սահմանափակ էին կարիքի համեմատութեամբ: Մի օր մօտս եկաւ քաղաքային դպրոցներից մէկի տնօրէնը և վրդովուած ձևով յայտնեց, որ դպրոցի շէնքը ապօրինի կերպով գրաւել են և աշակերտներին դուրս արել և, երբ ինքը կամեցել էր միջամտել քանի որ շէնքը գրաւողները որևէ պաշտօնական հանգամանք չունէին, գռեհկօրէն անպատուել էին՝ յայտնելով, որ իրենք կատարում են Ռուբէն փաշայի կարգադրուիթւնը և որ շէնքը պիտի յատկացուի որբանոցի համար:

Առաջինը անգամը չէր, որ Ռուբէնը կարգ ու կանոնի դէմ անթոյլատրելի ելոյթ էր ունենում:

Ես հանգստացրի դպրոցի տնօրէնին՝ բացատրելով, որ մեր պայմաններում Ռուբէնի նման վարմունքը պատճառներ ունի: Սակայն, ինքս