Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/468

Այս էջը հաստատված է

դժգոհ մնացի նրա այդ վարմունքից և որոշեցի այդ հարցը անհետևանք չթողնել:

Ռուբէնը իր դիրքով և կոչումով պատասխանատու դէմք էր: Նա երկրի օրէնսդրական մարմնի անդամ էր պետական գծով և Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամ՝ կուսակցական գծով: Այդպիսով, կրկնակի իրաւոնք ունէի ակնկալելու նրանից, որ յարգէր օրէնքն ու հեղինակութիւնը: Սակայն, Ռուբէնի հետ ունեցածս անձնական բացատրութիւնից դժգոհ մնալով և հարցը պետական կամ կուսակցական գծով հրապարակ հանելը անյարմար համարելով՝ ես որոշեցի այդ մասին խօսել Արամի հետ՝ Ռուբէնի ներկայութեան:

Երբ առիթը ներկայացաւ, մենք նորից պարզեցին մեր տեսակէտները Ռուբէնի վարմունքի մասին Արամի ներկայութեան: Ռուբէնը նկարագրեց քաղաքի փողոցներում և անկիւններում թափուած որբերի վիճակը և այդ որբերին տեղաւորելու, պատսպարելու անհրաժեշտութիւնը ամէն գնով՝ նրանց կեանքը փրկելու համար: Մի բան, որի հետ, ի հարկէ, ես համաձայն էի:

«Եթէ դու համաձայն ես ինձ հետ, ինչպէս աոաջին օրն ասացի, իրաւացի և արդարացի պիտի համարես իմ վարմունքը: Երբ խնդիրը վերաբերում է մեր երեխաների կեանքի, ի՞նչ արժէք ունին դպրոցները: Ողջ և ապահով երեխաների ուսման հարցը աւելի կարևոր չէ, քան փողոցներում թափուածների ու քաղցի ճիրաններում գալարուողների կեանքը»:

Պատասխանեցի, որ ըստ էութեան նրա ասածների դէմ անհնար է առարկել: Բայց անթոյլատրելի է ու դատապարտելի է նրա վարմունքը ըստ ձևի, որովհետև նա պատասխանատու գործիչ է և պէտք է հասկանայ, որ իր վարմունքով ոտքի տակ է առնում օրէնքն ու իրաւունքը ու վատ օրինակ ծառայում ուրիշների համար. և որ նա կարող էր գալ ինքնավարութիւն, խորհրդակցէր այդ հարցի մասին Մ. Մուսինեանի (քաղաքագլխի) կամ ինձ հետ (փոխ-քաղաքագլխի), ու իր ցանկացածը գլուխ բերել օրինական և ոչ ապօրէն ճանապարհով:

Պատասխանեց, որ այդ ամէնը հասկանում է, բայց լաւ գիտէ, որ իմ ցոյց տուած ճանապարհով խնդրի լուծումը պիտի տևէր շաբաթներ, գուցէ և՛ ամիսներ, և այդ ժամանակում չգիտէ, թէ քանի՞ երեխաներ պիտի մահանային: «Իսկ իմ վարմունքով ես արագացրի գործը: Ինքնավարութիւնը թող անմիջապէս շարունակի իմ սկսածը: Նման դէպքերում ձևականութիւններն ու ըսի-ըսաւները չեն, որ պիտի զբաղեցնեն ինձ: Բաւական է, որ ես իմ արածի անհրաժեշտութիւնը գիտակցում եմ, և դու էլ ինձ հետ համաձայն ես, ինչպէս որ պիտի համաձայնի ամէն մի հայ մարդ»:

Արամը ուշադրութեամբ լսելով Ռուբէնին և իմ դժգոհութիւնը նրա վարմունքի առթիւ, ասաց բաներ, որոնք ինչպէս վերը յիշեցի, իրաւունք էին տալիս մտածելու, որ նա խորհում էր արտակարգ պայմանների ստեղծուած կացութեան դէմ: