«Կան դէպքեր,- ասաց Արամը,- երբ օրէնքն ու իրավունքը գործադրելով՝ մենք յանցաւորներ ու չարագործներ կը դառնանք, մանաւանդ այնպիսի բացառիկ ծանր ու անբնական ժամանակներում, երբ դէպքերը տեղի են ունենում գահավէժ արագութեամբ և ստեղծում դրութիւններ, որոնք օրէնքը չէր արող նախատեսել»: Յիշեց Յատուկ Կոմիտէի շրջանը և այնուհետև մինչև Թիֆլիսից կառավարութեան Երևան գալը և Հայաստանի խորհրդարանի կազմուելը: «Ինչպե՞ս էինք անում: Նախ՝ օրէնք էինք հրատարակում և ապա՞ գործ անում, գործ կատարում համաձայն այդ օրէնքի: Գիտես, որ կեանքը մեզ հարկադրում էր նախ՝ գործ անել և ապա երեկոները մեր նիստերում վաւերացնել, օրինականացնել մեր այդ արածը: Եւ ես այժմ, գործերի յաջողութեան տեսակէտից՝ երանի եմ տալիս այն օրերին: Շատ յաճախ Խորհրդարանը իր ձգձգումներով, թէ օրինական պատճառաբանութիւններով, կաշկանդում ու խանգարում է մեզ, որ նախարարներ ենք, և դրանից գործն է տուժում: Ե՜ւ վայն էր եկել մեզ տարել, եթէ մենք բոլոր պարագաներում աոաջնորդուէինք օրէնքով, սպասէինք օրէնսդրական մարմնի խօսքին: Պատահում են դէպքեր, երբ ես հարցերը չեմ տանում քննութեան անգամ կառավարութեան նիստերին, այլ լուծում եմ տեղն ու տեղը իմ պատասխանատուութեամբ, թէև այդ իրաւունքը չունեմ: Բայց ա՜յդ է պահանջում գործի շահը, գործի յաջողութիւնը: Ռուբէնը իրաւացի է իր վարմունքի մէջ», վերջացրեց Արամը իր խօսքը:
Թերևս տեղն է այստեղ նորից վերյիշել Գ. Պետրոսեանի կարծիքը Արամի մասին: Այդ շնորհալի իրաւաբանը, որ իբրև արդարադատութեան նախարար, ինչպէս վերը յիշուեց, աշխատում էր Քաջազնունու դահլիճում և որ իր քաղաքական-ընկերային հայեացքներով ազատական էր, շատ բարձր կարծիք ունէր Արամի մասին նաև այն պատճառով, որ նա՝ Արամը՝ արհամարհում ու ոտքի տակ էր առնում օրէնքները, երբ այդ պահանջում էր ժողովրդի շահը:
«Սովորական մարդիկ,- ասում էր Պետրոսեանը,- կարող են հասկանալ, որ երբեմն օրէնքն ու ժողովրդի շահը հակասում են իրար, բայց համարձակութիւն չեն ունենում գնալու օրէնքի դէմ: Այդ կարող են անել միայն մեծ մարդիկ, որոնց ժողովուրդն էլ բարձր է համարում օրէնքից: Ադպիսիներից էր Արամը»:
Ինձ թւում է, որ Արամին վերջ ի վերջոյ յաջողուելու էր ստեղծել նպաստաւոր պայմաններ Հանրապետութեան կեանքում անարգել ու անկաշկանդ գործունէութեան համար: Նրա անձնական հմայքը, մարդկանց մօտենալու, ընդհանուր լեզու գտնելու, իր և գործի հետ կապելու շնորհքը, գործ կազմակերպելու տաղանդն ու այն գլոււխ հանելու ուժեղ, յամառ, բայց որ փշոտ կամքը, միացած ազգի ու հայրենիքի անվարան նուիրումին, գրաւականներ էին, որ նա հասնելու էր իր նպատակին, եթէ Հանրապետութիւնը և ինքը երկար կեանք ունենային: